ԱՊԱԳԱ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՊՈԱԿ-ՈՒՄ

ԱՊԱԳԱ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՊՈԱԿ-ՈՒՄ

2022-02-24T11:09:27+00:00 24/02/2022|Լրահոս|

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Պատմության  ֆակուլտետի 2-րդ  կուրսի  ուսանողները, ուսումնական պրակտիկայի շրջանակում,  հյուրընկալվել  են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում:

Կազմակերպության գիտնական քարտուղար, պատմական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը,  Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ  Զաքյանը ու Գիտահետազոտական բաժնի պետի պաշտոնակատար Արգամ Երանոսյանը  ուսանողներին  ներկայացրել  են  ՊՈԱԿ-ի  կառուցվածքը,  գործունեությունը,  խոսել՝  արգելոց-թանգարանների, արգելոցների  ու մարզային ծառայությունների աշխատանքի մասին։

Անդրադառնալով  կազմակերպության  պահպանության տակ գտնվող 19․000-ից ավելի  հուշարձաններին,  բանախոսները նշել են, որ մեծածավալ  աշխատանքը   իրականացնում  են  մարզային  ծառայությոնների հուշարձանների պահապանները։  Արտավազդ Զաքյանի փոխանցմամբ իրականացվում են նաև հուշարձանների հանրահռչակմանը  ուղղված միջոցառումներ, հուշարձանների տարածքներում  տեղեկատվական  վահանակներ են տեղադրվում։

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, կազմակերպությունը անցկացնում  է  միջազգային գիտաժողովներ, հրատարակում  այդ գիտաժողովների նյութերը։  ՊՈԱԿ-ի աշխատակիցները  մասնակցում են նաև արտերկրի տարբեր խորհրդաժողովների։  Ա․ Փիլիպոսյանի խոսքով, կազմակերպության դռները միշտ բաց են երիտասարդ  ու  խոստումնալից  անձանց  համար, ովքեր հետագայում  կհամալրեն  հուշարձանապահպանների  շարքերը։

Գիտահետազոտական  բաժնի պետի պաշտոնակատար Արգամ Երանոսյանն էլ  խոսել է  ՊՈԱԿ-ի հրատարակությունների մասին՝ կատալոգներ, ալբոմներ,  գրքեր, բուկլետներ և այլն։

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը  մշակութային ժառանգության հարուստ  ֆոնդ  ունի, որտեղ  պահվում են  անվանի գիտնականների, ճարտարապետների, ոլորտի  նվիրյալների անձնական արխիվներ, ձեռագրեր, նյութեր: ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի պետ Լուսինե  Ալեքսանյանի և այլ աշխատակիցների  ուղեկցությամբ  ուսանողները  շրջել  են  ՊՈԱԿ-ի՝  հնագիտության, ազգագրության, լուսանկարների և ապակե սևանկարների  ֆոնդերում,  ծանոթացել՝  փաստավավերագրական, հնագիտական, ազգագրական  նյութերին։

Վերականգնման լաբորատորիայում՝  ծանոթացել  են առարկաների վերականգնման  բարդ  ու  հետաքրքիր  աշխատանքին։

Առաջիկայում  ՀՊՄՀ  Պատմության  ֆակուլտետի  ուսանողները կայցելեն «Գառնի» և «Զվարթնոց»  պատմամշակութային,  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ։