Առաջին հայացքից նոր թվացող այս ուլունքաշարերը դարերի պատմություն ունեն: Դրանք հայտնաբերվել են Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի միջնամասում գտնվող «Պալի տակ» և «Կողի տակ» հնավայրերից: Ուլունքաշարերը թվագրվում է մ․թ․ա․ XI-IX դդ-ով: Նշված դամբարանների տարածքում փրկարարական բնույթի պեղման աշխատանքներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի համատեղ արշավախումբը, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ՝ 1980-ականներին: Այս ուլունքաշարը Սարուխանի «Պալի տակ» դամբարաբադաշտի հնագիտական հավաքածուից է և ունի բացառիկ նշանակություն: Այն օգնում է պատկերացում կազմել մեր նախնիների օգտագործած պերճանքի առարկաների մասին: Այս հնավայրում լավ են ներկայացված Վանի թագավորության ժամանակներին վերաբերող նյութերը։
Տվյալ հնավայրի գտածոներից ուշագրավ են նաև ուլունքաշարերը, որոնք բաղկացած են գլանաձև փոքր ուլունքահատիկներից՝ պատրաստված բաց դեղին կանաչավուն, կապտավուն կավի շաղախից։ Շարի կենտրոնում և դրանից աջ ու ձախ, հավասար հեռավորության վրա, ցամաքային երեք փոքր խխունջներ են։
Մյուս վաղերկաթեդարյան ուլունքաշարը կազմված է կավի սպիտակ շաղախից, կապույտ և դեղնավուն ապակուց պատրաստված գլանաձև փոքր ուլունքահատիկներից՝ թվագրվում է մ․թ․ ա․ XI-IX դդ-ով, երկարությունը 56,0 սմ է։