Հայոց ազգագրության թանգարանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով

Հայոց ազգագրության թանգարանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով

2023-05-19T15:42:30+00:00 19/05/2023|Լրահոս|

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի գործակցությամբ կայացել է «Հայկական մշակույթի, ինքնության հարցեր» թեմայով միջազգային գիտաժողով  նվիրված Սարդարապատի հուշահամալիրի 55-ամյակին և Հայոց ազգագրության թանգարանի 45-ամյակին։

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար  պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հանդես է եկել «Հայկական լեռնաշխարհը Հին Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական և առևտրատնտեսական գործընթացների ոլորտում (մ.թ.ա. II հազ. երկրորդ կես)»  զեկույցով։

Աշոտ Փիլիպոսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար  պ.գ.դ., պրոֆեսոր  

Դատելով ոչ մեծաքանակ գրավոր սկզբնաղբյուրների տվյալներից, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում իրականացված պարբերական հնագիտական հետազոտությունների արդյունքներից, այդ հակամարտության մեջ, որպես Եգիպտոսի Նոր թագավորության, Միտաննիի և Կասսիտական Բաբելոնի դաշնակից, ներքաշվել էին նաև տեղի վաղպետական կազմավորումները (Հայասա-Ածծի, Թեգարա, Ալզի, Էթիունի և այլն): Մասնավորապես այդ են վկայում Լճաշենի, Արթիկի, Լոռի բերդի, Արուճի, Քանագեղի, Գեղարոտի, Ջավախքի ուշբրոնզեդարյան համալիրներից հայտնաբերված միտաննական գլանաձև կնիքները, Մեծամորի և Հոռոմի եգիպտական կոյաբզեզ-դրոշմները (սկարաբեյներ) և Մեծամորի իշխանական դամբարաններում պեղված Կասսիտական Բաբելոնի տիրակալներ Ուլամ-Բուրարիաշի և Կուրիգալզուի արձանագիր  խորհրդանշանները:

ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանն էլ հանդես է  եկել «Թանգարանի «Տպավորությունների գիրքը» որպես գիտական ուսումնասիրությունների սկզբնաղբյուր (ըստ «Հայոց ազգագրության թանգարան»-ի նյութերի)» զեկույցով։

Լիաննա Գևորգյան ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ

Հայոց ազգագրության թանգարանի գիտական արխիվում պահվում են «Տպավորությունների գրքի» բազմաթիվ հատորներ, որոնց գրառումները տեղեկություն են պարունակում ոչ միայն թանգարանի ցուցադրության և էքսկուրսիոն աշխատանքների վերաբերյալ, այլև արտահայտում են տվյալ ժամանակաշրջանի տրամադրությունները, պատմական իրադարձությունների վերաբերյալ դիտարկումները, ինչպես նաև  առաջարկություններ և ցանկություններ: Մեր կողմից ուսումնասիրվել է Հայոց ազգագրության թանգարանի «Տպավորությունների գրքում» տարբեր լեզուներով շուրջ 350 գրառում՝ կատարված տարբեր ազգությունների, սոցիալական, տարիքային խմբերի ներկայացուցիչների կողմից, որոնք վերլուծվել և դասակարգվել են՝ ըստ թեմատիկ խմբերի։