«Որոտնաբերդ» ամրոցը (Որոտն բերդ, Որոտան, Օրոտո) հայտնի է դեռևս IV դ. որպես Հայաստանի նշանավոր և անմատչելի ամրոցներից մեկը: Սյունիքի հռչակավոր շատ բերդերի նման տեղացիներն այն նույնպես կապել են զորավար Դավիթ Բեկի անվան հետ՝ կոչելով նաև «Դավիթ Բեկի բերդ»:
Ամրոցի մասին առաջին պատմական վկայությունը վերաբերում է V դ.: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի՝ 1075-1092 թթ. Որոտնաբերդն ու շրջակա ավանները գտնվել են Սյունիքի թագավորության իշխանության տակ: 1103 թ. սելջուկ-թուրքերն ավերեցին Կապան մայրաքաղաքը, իսկ 1104 թ․ նրանց հաջողվեց գրավել անմատույց Որոտնաբերդը։
Որոտնաբերդը սելջուկների տիրապետության տակ մնաց 115 տարի: 1210 թ․ Զաքարյան հայ իշխանների գլխավորած հայ-վրացական զորքերն ազատագրեցին Որոտնաբերդը։ Դրանից հետո այն Սյունիքի մեծ մասի հետ միասին Իվանե Զաքարյանի իրավասության տակ էր, իսկ XIII դ․ կեսերին իշխան Սմբատ Օրբելյանի ջանքերով դարձավ Օրբելյանների տիրույթը՝ իր շրջակա գավառի հետ միասին։ Մոնղոլական տիրապետության շրջանում Որոտնաբերդը շարունակում էր մնալ Օրբելյանների տիրապետության տակ: 1386 թ. ամրոցը գրավեցին Լենկ-Թեմուրի զորքերը։ 1406 կամ 1407 թ. այն զավթեց թուրքմենական կարա կոյունլուների առաջնորդ Կարա-Յուսուֆը։ Այնուհետև մինչև XVIII դ․ սկզբները Որոտնաբերդի մասին տեղեկություններ չեն հանդիպում:
Որոտնաբերդը կրկին հիշատակվում է Սյունիքի ազատագրական պայքարի համատեքստում, երբ Կապան հասած Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ, զորավար Դավիթ Բեկը 1724 թ. մարտի 29-ին ազատագրում է Որոտնաբերդը:
Հատկանշական է, որ X դարից սկսած՝ Որոտնաբերդը, Որոտնավանքի հետ համատեղ, երկկենտրոն պաշտպանական համակարգի մաս է կազմել։ Որոտնաբերդ-Որոտնավանք համակարգի նպատակն Է եղել պաշտպանել վարչատնտեսական կարևոր կենտրոն Շաղատ «գյուղաքաղաքը»։
Որոտնաբերդի բազալտե կոպտատաշ քարերով կառուցված պարիսպները երկշերտ էին՝ կազմված առաջնապարսպից և ներքնապարսպից: Ամրոցի միջնաբերդն ունեցել է դեպի Որոտան գետը տանող գետնուղի:
Որոտնաբերդի նշանակությունն ավելի կարևոր է դարձնում այն հանգամանքը, որ հովտով էր անցնում երկրորդական նշանակություն ունեցող առևտրական մի ճանապարհ, որը սկիզբ էր առնում Նախիջևանից, մտնում Ծղուկք գավառի տարածք, և, անցնելով մի շարք բերդերի հսկողության տեսադաշտով, Բաղք, Արևիք գավառներով իջնում էր մինչև Կարճևան, ուր այն միանում էր Ջուլֆա-Փայտակարան միջազգային առևտրական ճանապարհին:
XIX դ. Որոտնաբերդն այլևս չի հիշատակվում որպես կանգուն ամրոց:
Ամրոցն ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև: Երեք կողմերից շրջապատված է այն անմատույց դարձնող բազալտե ժայռերով և միայն հարավարևմտյան կողմից պատնեշված է աշտարակավոր բարձր պարիսպներով, որտեղ էլ ավերված ամրոցից ներկայումս պահպանվել են կոթողների բեկորներ: