Լոռու երկու քարակերտ հրաշքներն իրար կապող ամրոցը․ Կայանբերդ

Լոռու երկու քարակերտ հրաշքներն իրար կապող ամրոցը․ Կայանբերդ

Սանահին և Հաղպատ  վանքերի միջև ընկած տարածքում մասնակիորեն պահպանվել է միջնադարյան Հայաստանի կարևոր նշանակաություն ունեցող հենակետ-դիտակետ ամրոցներից մեկը՝ Կայան ամրոցը։

Իր բարձր դիրքի  շնորհիվ  հսկող դիրք ունի  շրջակա միջավայրի նկատմամբ: Ըստ պատմական աղբյուրների՝ Դավիթ Անհողին թագավորը տիրելով Լոռիին՝ մի շարք բերդերի շարքում կառուցում է  նաև հզոր ամրոց Կայանբերդը,  որը XII դարից դառնում է Կյուրիկյան Բագրատունիների ամուր պաշտպանական հենակետերից մեկը:

Կայանբերդը հայտնի է տարբեր անուներով, առավել հայտնի է Կայան, Աղջկաբերդ, Ամրոց Հաղպատի Ս. Նշանի, Աշոտ Երկաթի բերդ , Դսևանք, Տեսևանց և այլն: Գտնվում է Թումանյանի համայնքի  Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, Հաղպատ գյուղից 2 կմ արևմուտք, երկու կիրճերով  կազմված անառիկ հրվանդանի վրա:

Կայանբերդը կոչվել է այստեղ գտնվող Դսևանք կամ Դրսևանք  եկեղեցու (վանքի) անունով: Ժողովրդական ստուգաբանությամբ «դրսի վանք»:

Ըստ շինարարական արձանագրության՝ 1233թ վերակառուցել է Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին՝ Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը:

Շրջապատված է բուրգերով ու աշտարակավոր ամուր պարիսպներով: Բուրգերն ունեն ներքին տարածություն, պաշտպանական նկատառումներից ելնելով պատերում թողել են բացվածքներ: Մուտքը  հարավից է, կամարակապ դարպասով: Այստեղից Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա XIII դ. կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով:

Երկու մասից բաղկացած  ամրոցը ունի 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, լայնությունը  չի անցնում 20  մետրից:   Հիմնականը հարավայինն է ՝ հյուսիսային մասից բաժանված առանձին  պարսպով,  որն ունի սրահավոր թաղակապ դարպաս: Դերբենդի կիրճի եզրին  տեղադրված  Հյուսիսային մասը  մոտ 1,5 անգամ  պակաս է հարավայինից, ունեցել է առանձին մուտք արևմտյան կողմից: Բերդի ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, կավե թրծված խողովակներ: Ամրոցում գտնվող Դսեվանքի Ս․ Աստվածածին  փոքրիկ  եկեղեցին, 1827 թ․ երկրաշարժից կործանվել էր և նորից  վերականգնվել է 1836թ․:

Ըստ ավանդության՝  բավական հեռու տարածությունից խողովակներով ջուր են բերել  այս բերդ:  Կայանն  իր եկեղեցով տեղացիները անվանել են «Տեսևանց», որն ըստ ժողովրդական ստուգաբանության երկու տարբերակ ունի. Համաձայն առաջինի նշանակում է «Դրսևանք», այսինքն՝ Հաղպատից դուրս  գտնվող վանք, ըստ երկրորդի՝ «Տեսևանցը»-ը «Տես և անց» բառերի աղավաղումն է, և բերդն այդպես է կոչվել անմատույց լինելու  պատճառով:

Վտանգի դեպքում  սովորաբար Կայան բերդում  էին պահվում Հաղպատի վանքի ամբողջ հարստությունը:   Այստեղ էին ապաստանում ոչ միայն իշխանական տները, Հաղպատի միաբանությունը, այլև գյուղացիության մեծ մասը: Բերդը կարևոր պաշտպանական  դերակատարություն է ունեցել մոնղոլական արշավանքների ժամանակ և ավերվել 1241թ.: