ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, փոխտնօրեն Հայկ Դանիելյանը աշխատանքային այցով Արարատի և Կոտայքի մարզերում էին։
Այցի ընթացքում ուսումնասիրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը։
Դվինը բազմաշերտ հուշարձան է, որի ավերակները գտնվում են Հնաբերդ, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է Հայոց արքա Խոսրով Գ Կոտակի (330-338) կողմից, ով այստեղ է տեղափոխել Հայոց արքունիքը 330-331 թթ.:
Հիշեցնում ենք, որ կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2000-Ա որոշմամբ Դվին հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի:
Շարունակելով շրջայցը արդեն Կոտայքի մարզի պատմական հուշարձանների տարածքներում, հետևել են Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին։
Եկեղեցին գտնվում է Բջնի գյուղի կենտրոնում, կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1031 թ.:
Ուսումնասիրվել է Թեղենիք գյուղում գտնվող Թղիթ ամրոցը։
Թղիթ ամրոցը 1975 թ. հայտնաբերվել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտների և Երևանի համալսարանի հայագիտության կենտրոնի միացյալ հնագիտական արշավախմբի կողմից: Վերգետնյա նյութի քննության հիման վրա ենթադրվում է, որ ամրոցը պատկանում է է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերին:
Ամրոցը դեռևս կանոնավոր պեղումներով ուսումնասիրված չէ: