Տավուշի անտառապատ վանքի լռությունը խախտվել է ազգագրական պարով, երգ ու ասմունքով։
Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության և «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությմաբ Հայաստանի տարբեր անկյուններից մի խումբ երիտասարդներ համախմբվել են Նոյեմբերյան համայնքում։
ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության աշխատակից Սուրեն Գուլքանյանի ուղեկցությամբ արշավականները քայլերթով հասել են Կողբ գյուղից 3 կմ հարավ, բարձրադիր սարահարթի վրա գտնվող Մշկավանք վանական համալիր։
Հուշարձանի պահապանը ուխտի մասնակիցներին ծանոթացրել է Մշկավանքի հարուստ պատմությանը, խոսել հուշարձանապահպանության կարևոր առաքելության մասին, ներկայացրել նաև մարզի այլ հուշարձանների «կենսագրությունն» ու պատմական նշանակությունը։
Հուշարձանը թվագրվում է XII-XIII դդ.: Վանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ըստ XIII դ. պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության, մինչև 1219 թ. երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր: Համալիրից պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու խցերը և հին գերեզմանատունը: Կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով:
Հուշարձանը նորոգվել է 1955-60 թթ. ճարտարապետներ՝ Հ. Հակոբյանի և Յու. Թամանյանի նախագծերով։