Օկոնավանք կամ Օկոնախաչ եռանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել 1863թ․՝ որձաքարի տարբեր մեծության բեկորներով։ Ներսում կան չորս սրբատաշ կլոր սյուներ, որոնց վրա հենվող կամարները գոտկում են եկեղեցու ծածկը՝ ստեղծելով երեք նավեր։
Արևելյան խորանի երկու կողմերում կան մեկական ավանդատներ։ Հյուսիսային ավանդատան մուտքի ճակատին ագուցված է կապտագույն քարից մի խաչքար՝ հեծյալի բարձրաքանդակով: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում կանգնեցված են երկու խաչքարեր, որոնցից հարավայինի երեսին նույնպես քանդակված է զինավառ հեծյալ։
Շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոցը՝ XIX—XX դարերի անզարդ տապանաքարերով։
Եկեղեցուց մի քանի մետր արևելք, գետնի մեջ խրված մի կանգուն թևավոր խաչ կա, որը, հավանաբար XII—XIII դարերի է։ Խաչաթևերից յուրաքանչյուրին փորագրված է մեկական խաչ։ Խաչահատումը շեշտված է շրջանաձև նախշազարդով, որի ներսում պահպանվել է կլոր ներդիրի կիսահատվածը։ Հորիզոնական խաչաթևերին՝ խաչահատումից հավասար հեռավորության վրա, մեկական հավերժության նշան է փորագրված։ Խաչազարդ թևերով խաչային հորինվածքն առնված է եզրագոտու մեջ, որը վերին խաչաթևի վերնամասի կենտրոնական հատվածում ելուստանման տեսք է ստանում։ Վերին խաչաթևի երկու կողմում եզրագոտին միջարկված է կիսաշրջանաձև ոճավորմամբ։