ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2014-08-11T15:02:32+00:00 11/06/2013|Արագածոտնի Հուշարձաններ|

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Արագածոտնի մարզ
գ. Օհանավան
պետ. ցուցիչ` 2.112.17

Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ. Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ. Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:

Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի -համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է միանավ բազիլիկը: Եկեղեցու Ս. Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Վերակառուցման է ենթարկվել նաև 1652 թ.: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):

Ս. Կարապետ գլխավոր եկեղեցի -կից է միանավ բազիլիկ եկեղեցուն հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը: Հատակագծում այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով գմբեթավոր սրահատիպ կառույց է, որտեղ անցումը գմբեթին իրականացվել է առագաստային փոխանցումով: Եկեղեցին արտաքուստ և ներքուստ շատ հարուստ է բազմաբնույթ, հյուսվածազարդ բարձրաքանդակներով ու պատկերաքանդակներով: Առավել ուշագրավ է շքամուտքի բարավորի պատկերաքանդակը, որը հարդարված է բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա գերիշխող «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությամբ։

Գմբեթը և հարավային պատը քանդվել են 1918 թ. երկրաժարժից, վերականգնվել` 1990-ական թթ.: Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջել Քասաղ գետի ձորը:

Գավիթ-ժամատուն – կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից: Ուղղանկյուն հատակագծով լայնարձակ կառույցը պատկանում է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթների տիպին: Ինչպես գլխավոր եկեղեցին, ժամատունը ևս աչքի է ընկնում բարձրաքանդակների ճոխությամբ: Ծածկը մասամբ իրականացված է շթաքարերով, մասամբ` խաչվող թաղերով և հարթ քարե առաստաղներով: Ծածկի կենտրոնական մասում զանգակատան 12-սյունանի ռոտոնդան է (հավանաբար կառուցվել է 1274 թ. նորոգման ժամանակ), որն եզակի է Հայաստանի նույնատիպ շինություններում և ունի ամենամեծ` 6,5 մ տրամագծով երդիկ:

Գավիթի հյուսիսային և բազիլիկ եկեղեցու արևմտյան պատերին կից է տապանատունը:

Հուշասյուն կոթող – թվագրվում է VI դ., կանգնեցված է վանքից հարավարևմուտք: Կոթողի եռաստիճան հիմնապատվանդանն ու միակտոր քարե պատվանդանը բազմանիստ են, իսկ հյուշասյունը նույնպես բաղկացած է միակտոր քարից կերտված զույգ սյուներից, որոնք պսակվում են մեկ ընդհանուր խոյակով:

Թևավոր խաչքար – թվագրվում է վաղ միջնադարով և կանգնեցվել է խորանարդաձև պատվանդանի վրա: Քանդակազարդ մեծածավալ հիմքից բարձրացող ուղղաձիգ խաչաքանդակի հորիզոնական թևերի տակ` երկու կողմերին, քանդակված են երկուական բուսական զարդաքանդակներ, իսկ խաչաթևերը պատված են համատարած զարդանախշերով:

1629 թ. գավիթից հարավ կառուցվել է վանական համալիրի դպրոցի շենքը: Իսկ XVII-XVIII դդ. համալիրի հարավային պարսպապատին կից եղել է միաբանության երկհարկ շենքը (ինչպես այս, այնպես էլ դպրոցի շենքը չեն պահպանվել):

Վանքը շրջապատված է եղել բուրգերով ուժեղացված պարսպով, որը XII դ. վերջին կառուցել էր Նանա թագուհին:

Հովհաննավանքը նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից է: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրվել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Այս գրչօջախից մեզ հասած շուրջ 20 ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Հիմնական գրականություն

Վ. Աբրահամյան, Հայկական ԽՍՀ պատմական հուշարձաններ, IV, Աշտարակի շրջան, Եր., 1940:

С. Х. Мнацаканян. Архитектура армянских притворов, Ереван, 1952:

О. Х. Халпахчьян. Архитектурные ансамбли Армении, Москва, 1980:
ՀՍՀ, հ. 6 Եր. 1980:

Վարազդատ Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Եր., 1992: