ԳՀՈՒԿ ԲՈԼՈՐԱՀԱՐԻ ՎԱՆՔ

ԳՀՈՒԿ ԲՈԼՈՐԱՀԱՐԻ ՎԱՆՔ

2013-12-09T12:33:28+00:00 18/07/2013|Կոտայքի Հուշարձաններ|

ԳՀՈՒԿ ԲՈԼՈՐԱՀԱՐԻ ՎԱՆՔ

Կոտայքի մարզ
գ. Արզական
պետ. ցուցիչ` 6.15.6

Գհուկի վանքը գտնվում է Արզական գյուղից 3-4 կմ հյուսիսարևմուտք, երկու սարերի միջև ձգվող ձորի վերին մասում, խիտ անտառի մեջ: Վանական համալիրից պահպանվել է միայն կիսավեր եկեղեցին, որը թվագրվում է XIII-XIV դարերով: Այն զույգ որմնամույթերով գմբեթասրահ կառույց է: Եկեղեցին երեք կողմերից, բացի հյուսիսայինից, թաղված է հողի և քարակույտերի մեջ: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, երկու կողմերում` ավանդատներ: Բեմի շարվածքը իրականացվել է հետագայում` խաչքարերի բեկորներով: Միակ մուտքը արևմտյան կողմից է:

Եկեղեցու հյուսիսարևելյան կողմում կողք-կողքի շարված են մի քանի խաչքարերի պատվանդաններ: Շրջակայքում կան ամբողջական և կոտրված խաչքարեր:

Հուշարձանից կես կիլոմետր հյուսիսարևելք, սարալանջի վրա գտնվում է վանքի գերեզմանոցը, որտեղ նշմարվում են շինության (հավանաբար մատուռի) մնացորդներ:

Գհուկի եկեղեցին առանձնանում է չափազանց հարուստ վիմագիր արձանագրություններով, որոնք փորագրված են եկեղեցու ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասերում, որոնց թիվը հասնում է մոտ երեք տասնյակի: Վերջիններս ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գ. Սարգսյանը:

Գհուկի վանքը հայկական հւշարձաններից ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Մատենագիտության մեջ հուշարձանի մասին հիշատակություններ չկան, թեև ժամանակին բավական մեծ վանք է եղել, ունեցել է վանական միաբանություն:

Հիմնական գրականության

Առաքելյան Բ., Կարախանյան Գ., Գառնի III, 1949-1956 թթ. Պեղումների արդյունքները, Երևան, 1962:

Պետրոսյան Հ.,, Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988:

Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4: