ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

2013-08-27T10:49:59+00:00 24/07/2013|Կոտայքի Հուշարձաններ|

ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Կոտայքի մարզ
գ. Բուժական
պետ. ցուցիչ` 6.20.12

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են:

Գավիթ-մատենադարան

Դպրատուն-գրատուն – կից է Կաթողիկե եկեղեցուն հարավային կողմից: Հավանաբար կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ միաժամանակ, XII դարից ոչ ուշ: Հատակագծով ուղղանկյուն է, արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Կառուցված է մուգ կարմիր տուֆից: Ունի շքեղ հարդարված մուտք:

Սեղանատուն – գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է XIII դ., հավանաբար մինչև 1230-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, ներքուստ բաժանված երեք մասերի:

Ս. Աստվածածին եկեղեցի (փոքր եկեղեցի) – գտնվում է հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք: VI-VII դդ. կառույց է: Մնացել են հիմքերը (պահպանված պատերի բարձրությունը ներքուստ 10-15 սմ է): Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Խաչաթևերն արտաքուստ ներառված են յոթանիստ, իսկ արևմտյանը` ուղղանկյուն շրջագծի մեջ: Եկեղեցու հարավային կողմում, կից պահպանվել են այլ շինության մնացորդներ: Եկեղեցու շուրջը կան XIII դ. բնորոշ գեղաքանդակ խաչքարեր:

Գերեզմանատուն – գտնվում է վանական համալիրից հյուսիս: Կան XIII-XIV դդ. տապանաքարեր, խաչքարի բեկորներ, պատվանդաններ, գեղաքանդակ որմնափակ խաչքար: Վաղագույն տապանաքարը Սարգիս երեցինն է (1090 թ.):

Հիմնական գրականության

Պետրոսյանց Վ., Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1982, N 1:

Սարգսյան Գ., Թեղենյաց վանքի պեղումները, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1990, N 2:

Սարգսյան Գ., Արձանագրություն Թեղենյաց վանքից, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1977, N 8: