ԿԱՏՐԱՆԻԴԵ ԹԱԳՈՒՀՈՒ ԽԱՉՔԱՐԸ
Կոտայքի մարզ
գ. Գառնի
պետ. ցուցիչ` 6.21.7.1
Գտնվում է Ատոմի փողոցի N 40 տան բակում: Վաղ թվագրություն ունեցող առաջին խաչքարերից է: Կանգնեցված է 879 թ., հայոց Կատրանիդե թագուհու կողմից: Կերտված է Գառնու ամրոցի պարիսպներից վերցված մի սալաքարից: Արևմտահայաց երեսին փորագրված է ձգված խաչ, որի թևերի երկճյուղ ծայրերը ավարտվում են մեկական կլոր գնդիկներով: Ամրացված է գետնի մեջ: Ձախ եզրին վերից վար փորագրված է հետևյալ արձանագրությունը. «Թուականս ՅԻԸ ( 879 թ.): Յանուն Ա(ստուծո)յ ես Կատրանիդե հայոց թագոհ, որ կանգնեալ զսուրբ խաչս ի բարէխաւսութի(ւն) ինձ»:
Կերտված է վաղ շրջանի խաչքարերին բնորոշ կառուցվածքի ու դեկորատիվ հարդարանքի պարզությամբ:
Հիմնական գրականության
Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դդ. խաչքարերը, Երևան, 1984:
Պետրոսյան Հ., Խաչքար, Երևան, 2008: