Ս. ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ս. ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2014-08-04T16:10:45+00:00 04/08/2014|Կոտայքի Հուշարձաններ|

Ս. ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Կոտայքի մարզ
գ. Ակունք
պետ. ցուցիչ՝ 6.9.13

Գտնվում է Ակունք գյուղից 2 կմ հյուսիսարևելք, Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին: Բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ.: Քառակուսի հատակագծով կառույց է: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցել են Ասլանը և իր եղբայր Վիրապշահը: Եկեղեցին նորոգել են հավատացյալները, որից կառույցը կորցրել է նախկին տեսքը:
Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է քիչ դեպի արևելք, թեք սարալանջին: Կառուցվել է XIII դ.: Միանավ սրահ է՝ թաղածածկ, երկթեք տանիքով: Մուտքը արևմտյան կողմից է: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆով:
Մատուռը կառուցված է Ս. Պողոս եկեղեցուն կից:
XIX-XX դդ. գերեզմանատունը տարածվել է Ս. Պետրոս եկեղեցու շրջակայքում:

Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ է գտնվում մի քարայր, որտեղ 1980-ական թվականներին հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:
Ս. Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրը, որը զբաղեցնում է 4,5 հա տարածք, Կոտայքի ամենատեսարժան վայրերից է:
Ներկայումս այս տարածքում իրականացվում են հետազոտական աշխատանքներ:

Հիմնական գրականություն

Սմբատեանց Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գավառ, Վաղարշապատ, 1895:

Ալիշան Ղ., Այրարատ, Վենետիկ, Ս. Ղազար, 1890: