ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

2014-11-12T11:49:50+00:00 12/11/2014|Կոտայքի Հուշարձաններ|

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Կոտայքի մարզ
գ. Զառ
պետ. ցուցիչ՝ 6.27.39

Հայկական լեռնաշխարհում՝ Արագածի, Գեղամա լեռների, Ուղտասարի լանջերին հայտնաբերված՝ Ք.ա. VII-II հազարամյակների ժայռապատկերները աշխարհում եզակի են իրենց ծավալով, նշանների բազմաքանակությամբ, սյուժեների բազմազանությամբ և կատարման տեխնիկայով: Ժայռապատկերներում ներկայացված տեսարանները արտահայտում են տվյալ դարաշրջանի մարդկանց աշխարհըմբռնումը, նրանց նյութական և հոգևոր կյանքը: Դրանց միջոցով հնարավոր է պատկերացում ունենալ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակչի կենցաղի, սովորությունների, պաշտամունքի մասին: Գիտնականների կարծիքով ժայռապատկերային նշանները ունեցել են կրոնապաշտական, մոգական, հմայական նշանակություն. դրանք գաղափարագրեր կամ նշանագրեր են, որոնք ըստ որոշ մասնագետների, հիմք են հանդիսացել նախնական գրերի ստեղծման համար:

Գեղամա լեռների ժայռապատկերները, որոնք վերաբերում են նեոլիթյան ժամանակաշրջանին, փորագրված են երբեմն հսկայական չափերի հասնող որձաքարե ժայռաբեկորների, մեծ մասամբ մետաղական փայլով մակերեսներին՝ ձեռքի քարե թակիչների և կտրիչների օգնությամբ, կետհարվածային և գծաէսքիզային եղանակներով: Ժայռապատկերների մեջ աչքի է ընկնում վայրի կենդանիների բազմազանությունը, որտեղ նշմարվում են ինչպես այժմ Հայաստանում գոյություն չունեցող, այնպես էլ մինչ օրս Գեղամա լեռներում ապրող կենդանիների պատկերները: Կենդանիներն ու թռչունները, ինչպես և մարդկային ֆիգուրները, երկնային մարմինները, տարատեսակ առարկաներն ու աստվածային կերպարները պատկերված են թե´ առանձին և թե´ խմբերով:

Գեղամա լեռների ժայռապատկերները մանրամասն ուսումնասիրված են և դրանց ժամանակագրությունը ավելի որոշակի է: Տարբեր ժամանակներում կատարվել են 3-4 հազարի հասնող պատկերներ, որոնց մասին առավել մանրամասն և ամբողջական նկարագրված է Հ. Մարտիրոսյանի «Գեղամա լեռների ժայռապատկերները» գրքում:

Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները, որպես ծագումնաբանորեն ամենահին և ամբողջական, հարուստ հնագիտական նյութ կարևոր նշանակություն ունեն իբրև պատմական սկզբնաղբյուրներ:

Հիմնական գրականություն

Մարտիրոսյան Հ., Գեղամա լեռների ժայռապատկերները, Երևան, 1981: