ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ (VI-VII ԴԴ.)

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ (VI-VII ԴԴ.)

Կոտայքի մարզ, գ. Արտավազ, պետ. ցուցիչ` 6.17.4

Երկու եկեղեցիներից, զանգակատնից և հարակից գերեզմանոցից կազմված հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղից մոտ 500մ արևմուտք: Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով:

Եկեղեցին (VII դ.) կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է XI-XIV դդ.: Ենթաթմբուկային քառակուսի հորինվածքից շրջանային անցումը կատարված է առագաստների միջոցով: Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը և այն ևս ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի: Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին:

Միանավ բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել էր VI դ., իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև XII դարի 20-ական թվականները և միայն դրանից հետո է իրականացվել վեերականգնողական աշխատանքներ: Դրա վկայությունն է հանդիսանում խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը: Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը: Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են:

Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում XIII-XIV դդ. վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ:

Հետագա թաղումների հետևանքով եկեղեցիների շրջակայքում տարածված գերեզմանոցը հիմնովին ավերվել է: Տեղաշարժված, առանց պատվանդանների խաչքարերի (XII-XIII դդ.) մի մասը, ինչպես նաև արձանագիր քարերի առանձին բեկորներ հենված են միանավ եկեղեցու արևելյան պատին: