Պետ. Ցուցիչ` 2.1.2.16.
Վաղ քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկն է հանդիսանում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Հիմնադրման վերաբերյալ մատենագրական, վիմագրական աղբյուրները մեզ հստակ որևէ տվյալ չեն հաղորդում մինչդեռ, ճարտարապետաշինարարական և հորինվածքային առանձնահատկություններից ելնելով, ուսումնասիրողները այն թվագրում են IV-V դարերով:
Համաձայն գոյություն ունեցող տվյալների` մինչ եկեղեցու կառուցումը այն հանդիսացել է վիշապապաշտության, այսինքն` Աժդահակի պաշտամունքային տաճարը: Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը, արժանանալով մյուս հեթանոսական շինությունների ճակատագրին, ևս քանդվել է և նրա հիմքերի վրա կառուցվել է ուղղանկյուն հիմքով եկեղեցի:
Եկեղեցու աղոթասրահը երկու զույգ մույթերի շնորհիվ բաժանված էր մեկ կենտրոնական և երկու եզրային մասերի: Ծածկը է եղել փայտաշեն` քառալանջ եղանակով: V դարում եկեղեցին վերակառուցվում է եռանավ բազիլիկ եկեղեցու: Երկու զույգ մույթերը փոխարինվում են ավելի հզոր երեք զույգ մույթերի: Վերջիներիս շնորհիվ փայտաշեն տանիքը վերափոխվում է թաղածածկի՝ պահպանելով սկզբնական քառալանջ հորինվածքը: Միաժամանակ ավագ խորանի երկու կողմերում կառուցվել էին ավանդատներ: Արևմտյան ճակատին բացվում էին լուսամուտներ, իսկ հարավային և հյուսիսային մասերում` մուտքեր:
XI-XII րդ դարերում՝ սելջուկների դեմ պայքարի տարիներին, Զաքարյանները, պաշտպանական նկատառումներից ելնելով, եկեղեցու հյուսիսային և արևմտյան ճակատները կրկնապատկելով ամրացնում են` այն վերածվելով պաշտպանական հզոր շինության:
XVIII-XIX դարերում եկեղեցին ամբողջապես վերածվում է ամրոցի: Մասնավորապես հարավային պատի վերևվի հատվածում բացվում են հրակնատային լուսամուտներ՝ պաշտպանված քարե «սաղավարդներով»:
1827 թ. երկրաշարժից հետո, եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում: Հիմնականում փլուզված են տանիքը և հյուսիսային կողմի մույթերը:
1962 թ. պահպանական նշանակության և փլատակների մաքրման աշխատանքներ են կատարվել, իսկ 1988 թ.կազմակերպվել են պեղումներ, որի արդյունքում հեռացվել է արևմտյան ճակատի կրկնապատը, որն էլ հնարավորություն տվեց բացահայտել Գագիկ Ա Բագրատունու (990-1020 թթ.)1013 թ. արձանագրությունը:
Համաձայն ավանդազրույցի` Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել կրտսերին երջանկություն պարգևելու համար և, ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով, իրենց նետում են անդնդախոր ձորը: Այս լուրն իմանալով` իրենց փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսն այս անհաղթահարելի վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Ծիրանավորը, Կարմրավորը և Սպիտակավորը:
1. Ղանաղալյան Արամ, Ավանդապատում, Եր.,1969:
2. Շահազիզ Երվանդ, Աշտարակի պատմություն, Եր. 1987:
3. Հարությունյան Վարազդատ, Հայկական ճարտարապետության պատմություն, Եր. 1992:
4. Սաղումյան Սուրեն, Աշտարակ, ՀՀԳԱ հրտ. 1998:
5. Conservation of ruined monuments, 16-24 x/2002, Yerevan-Byurakan.