Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Պետ. Ցուցիչ` 2.108.1.3.

Գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները:

Համաձայն հիշատակությունների, պեղումներից հայտնաբերված արձանագրությունների և վիմագրությունների` հուշարձանն թվագրվում է V-XVII դարերով:

Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ գլխավոր կաթողիկե եկեղեցին՝ XIII-XIV դարերում: Վանական համալիրին մաս էին կազմում նաև գավիթը, զանգակատունը, հյուրատունը, տնտեսական ու բնակելի օժանդակ շինությունները:

Ս.Սարգիս եկեղցի: Վանական համալիրի միակ կանգուն կառույցն է և առաջինը այն եկեղեցիներիարքում, որոնք կրել են Ս. Սարգիս անունը: Համաձայն հնագույն հիշատակությունների` եկեղեցին V դարում կառուցել է Մեսրոպ Մաշտոցը` հողին հանձնելով նաև իր հետ բերած Ս. Սարգիս զորավարի մասունքները:

Եկեղեցին ուղղանկյուն հիմքով, միանավ թաղածածկ, աղոթասրահի արևելյան կողմում կառուցված պայտաձև աբսիդով կառույց է: Տեղադրված է վանական համալիրի հյուսիսային մասում, միակ մուտքը արևմտյան կողմից է: Իր գոյության ընթացքում եկեղեցին ենթարկվել է վերանորոգումների (V, XII-XIII, XVII դարերում), մասնավորապես վերափոխվել են որմնաքարերը, քարե սալածածկի կղմինդրյա ծածկը:

Ս. Աստվածածին եկեղեցի: Այն վանական համալիրի գլխավոր, կաթողիկե եկեղեցին է: Ինչպես նշել ենք, այն կառուցվել XIII դարում Վաչե Վաչուտյանի կողմից, Ս. Սարգիս եկեղեցու հարավային պատին կից: Երբեմնի եկեղեցին եղել է ուղղանկյուն հիմքով, ունեցել է գմբեթավոր սրահ: Գմբեթը գմբեթատակ քառակուսով հենված է եղել աղոթասրահի արևմտյան կողմից զույգ և ավագ խորանի երկու կողմերից վեր խոյացող որմնամույթերի վրա:

Այն դրսից և ներսից աչքի է ընկել իր եղել ճոխ հարադարանքներով, ինչպես նաև բազմաթիվ արձանագրություններով: Այդ շքեղությունը վերաբերվել է նաև արևմտյան և հարավային շքամուտքերին: Իսկ ավագ խորանն առանձնացել է իր որմնանկարներով: Խորանի երկու կողմերում կառուցված են եղել կրկնահարկ ավանդատներ:

Գավիթը կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային պատին կից 1264 թ.` համաձայն արևմտյան շքամուտքի բարավորի արձանագրության: Այն ուղղանկյուն հիմքով, չորս մույթերի և ութ որմնամույթերի կամարների խաչաձև փոխանցումով կառույց է: Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և արևելյան: Հատկանշական է գավթի հարավային պատի կանգուն մնացած, մույթով երկու մասի բաժանված լուսամուտը:

Զանգակատուն: Պահպանվել են հիմնապատերը և շքամուտքի որոշ քարեր: Կառուցվել է 1311 թ. Ս. Աստվածածին եկեղցու և գավթի արևմտյան պատին կից:

Հուշարձան-համալիրի հիշարժան այլ կառույցներ են նաև Ոսկան վարդապետ Երևանցու կողմից XVII-XVIII դարերում կառուցված տնտեսական, բնակելի ու օժանդակ շինությունները, այդ թվում հյուրատունը, որը կառուցվել է 1654-1662 թթ., ինչպես նաև համալիրը բոլորող աշտարակներով առանձնացող պարիսպը:

1827 թ. կործանարար երկրաշարժից հետո հուշարձան-համալիրը մատնվեց անուշադրության և տարիների ընթացքում այն ծածկվեց մի քանի մետր հաստությամբ հողաշերտով: Միայն 1999-2001 թթ. իրականացված ընդգրկուն պեղումների շնորհիվ հնարավոր եղավ վանական համալիրը ազատել այդ հողաշերտից, և 2004 թ. վերականգվեց V դարի Ս. Սարգիս եկեղեցին: Ելնելով հետագա աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունից` 2007-ից իրականացվում են վերականգնման ձեռնարկումներ:

Օգտագործված գրականություն
1. Բաբայան Ֆրինա, Ուշիի սուրբ Սարգիս վանքը, Եր. 2005:
2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր. 2002:
3. Conservation of ruined monuments, 16-24 x/2002 Yerevan-Byurakan.