ՀՈՌՈՄ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

ՀՈՌՈՄ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

2015-08-10T13:10:14+00:00 22/06/2015|Շիրակ, Շիրակի Հուշարձաններ|

Պետ. ցուցիչ 7.67.1.2:

«Հոռոմ» քաղաքատեղին Շիրակի հնագույն բնակավայրերից է: Պատմամշակութային ամենաարժեքավոր հուշարձանը Հոռոմ գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Ք. ա. 3-2 հազարամյակի ամրոցն է, որի շրջակայքում հայտնաբերվել է հիշյալ պատմական ժամանակաշրջանին վերագրվող դամբարանադաշտ: Այս ավերակները հնում գյուղացիներն անվանել են Ղալա-իչի (այսինքն` միջնաբերդ):

Հոռոմից հյռւսիս, հյուսիս-առևելք և հարավ-արևելք տարածվում է Ք. ա. 3-2 հազարամյակով թվագրվող «Հոռոմ» քաղաքատեղին: Այն հարուստ է եզակի հուշարձաններով, որոնցից հատկապես հիշատակելի է Ք.ա. 2 հազարամյակի զոհարանը` սրբատաշ քարերով, ուղղանկյուն հատակագծով շինությունը և ցորենի վարանդը (Ք. ա. 3-2 հազարամյակ):

Հոռոմ քաղաքը և բերդաքաղաքը զբաղեցնում են մոտ 4 քառ. կմ ընդարձակ տարածություն: Քաղաքատեղին կառուցված է եղել գյուղին մոտ գտնվող բարձր բլուրի վրա: Բլրի գագաթը իր անհավասար մակերևույթով և ընդարձակ տարածությամբ ամենևին չի խանգարել ունենալու բնակիչների հոծ բազմություն: Քաղաքատեղիի որոշ փողոցներ ունեցել են մինչև 6 մետր լայնություն, իսկ բնակարանների հիմքերը կառուցվել են միմյանց շատ մոտ: Այն ամբողջավին շրջապատված է եղել մեծազանգված որձաքար պարիսպներով` առանց շաղախի: Իսկ քաղաքատեղին զանազան պարիսպներով բաժանված է եղել քաղաքամասերի, որոնց պատերը նույնպես կառուցվել են որձաքարի մեծամեծ զանգվածներով: Արտաքին շրջապատի պարիսպներն ունեցել են հսկայական քառակուսի բուրգեր, որոնք իրենց տեսքով հիշեցրել են քարերի կուտակումներ և ոչ թե շարքեր:

Գյուղի արևելյան կքղմում պահապնվել է մի շինության մնացորդ, որը թեև կառուցված է հին շրջանի շենքերի նման, բայց իր ձևով միանգամայն եզակի հատկությունների մարմնավորում է: Շենքը գրավում է պարսպով շրջապատված մասի կենտրոնական հատվածը և հետաքրքրական է մի շարք տեսանկյուններից: Հատակագիծը շրջապատված է կիսաբոլորակ աբսիդով և վարդաձև է: Պատերը շարված են նախնական ձևի կիկլոպյան քարերով` արտաքուստ առանց նկատելի լինելու, ներքին երեսների վրա երևում է կրաշաղախ և կիսաբոլորակ աբսիդներից թվով ութը: Շենքն ավելի շատ աշտարակի տպավորություն է թողնում, քան այլ նպատակի համար նախատեսված շինություն:

Պարսպից դուրս նկատելի է ընդարձակ հրապարակ. որի հատակը սալապատ է և այլ շինությունների հետքեր չկան: Այդ հրապարակի վրա կան միայն մեծամեծ ժայռեր, որոնց վրա փորագրված են խորհրդավոր նշանագրեր (հետևյալ ձևով` ՈՍՈ), որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է մինչև 50 սմ., իսկ խորություն ու լայնությունը` 4-5 սմ.: Հոռոմի նախնադարյան ավերակ քաղաքը թերևս միակն է, որն իր մեջ պահել է հնագույն քաղաքակրթության նմուշներ, և որի հատակագիծը այսօր էլ կարելի է ստանալ աննշան շեղումներով:

Ակնհայտ է, որ Հոռոմը որպես քաղաքատեղի ունեցել է լայն ու նեղ փողոցներ, հրապարակներ, մեծ ու փոքր հասարակական նշանակության շենքեր, և հատկապես արժանի է հիշատակման «քաղաքի գլխավոր դուռը»: Թ.Թորամանյանը նշում է . որ բոլոր նախնադարյան բերդաքաղաքների մեջ Հոռոմի բերդաքաղաքը միակն է թե իր մեծությամբ, թե բովանդակությամբ, « … և անկարելի է առանց ապշության դիտել, թե ինչպիսի մարդկային արտակարգ ուժ և միջոցներ են ի գործ դրել պարսպաքարերը միմյանց վրա բարձրացնելու համար»:

Օգտագործված գրականություն
1. Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.1, հ.2, Եր., 1942, 1948: