ՔԱՐԱՎԱՆԱՏՆԵՐ

ՔԱՐԱՎԱՆԱՏՆԵՐ

Պետ. ցուցիչ 2.3.12, պետ. ցուցիչ 2.22.16, պետ. ցուցիչ 2.18.6.

Արագածոտնի մարզի պատմական բնակավայրերում, ճանապարհների ուղղությամբ պահպանվել են աշխարհիկ շենքերի մաս կազմող քարավանատներ, որոնք իրենց ճարտարապետաշինարարական կառուցվածքով ուրույն տեղ ունեն հայկական պատմաճարտարապետական հուշարձանների շարքում:

Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանը իր բնական դիրքի շնորհիվ հանդիսացել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ` միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը: Դրանով էր պայմանավորված քարավանատների զարգացումը: Դրանք հիմնականում կառուցվում էին ճանապարհների անմիջական հարևանությամբ և քաղաքամերձ շրջաններում:

Քարավանատների նախատիպերը պատմական Հայաստանի սահմաններում գոյություն են ունեցել դեռ Արշակունյաց թագավորության ժամանակներից, որոնք հատկապես զարգացում են ապրել XII-XIV դարերում:

Կառուցվում էին որպես ամբողջական շինություն տեղական քարից՝ կրաշաղախի համակցմամբ: Տեղն ընտրելիս առաջնային գործոն է հանդիսացել ինչպես քամուց, բքից պաշտպանված, այնպես էլ` խմելու ջրով ապահովված լինելու իրողությունը:

Քարավանատան շենքը նախատեսված է եղել միաժամանակ մարդկանց ու անասունների կեցության համար, այդ պատճառով էլ ճարտարապետաշինարարական լուծումները աչքի չեն ընկել յուրօրինակությամբ: Առաջին հերթին այս հանգամանքով է պայմանավորված, որ Հայաստանի գրեթե բոլոր քարավանատները ճարտարապետական հորինվածքով ունեցել են ընդհանուր նմանություն, իսկ եթե եղել է տարբերություն` արտահայտվել է միայն չափսերի և տիպային ոճի մեջ: Քարավանատները ունեցել են միանավ և եռանավ դահլիճներ, երբեմն էլ հանդիպել են միադահլիճ և բազմադահլիճ-բակավոր տիպեր:

Միանավ և եռանավ քարավանատները ուղղանկյուն հիմքով երկայնական դահլիճատիպ կառույցներ են: Դահլիճների երկարությունը երբեմն նույնիսկ հասնում է 30 մետրի: Դահլիճի երկարությանը զուգահեռ տեղադրվել են զույգ մույթեր ու որմնամույթեր, որոնց վրա էլ կանգնած է թաղածածկ տանիքը: Եռանավ կառուցվածքներում կենտրոնական նավը ավելի լայն ու բարձր է իր կողքիներից, ինչպես եռանավ եկեղեցիներում:

Քարավանատների դահլիճների տանիքները երկթեք են ու սալածածկ, միակ մուտքը բացվում է նեղ ճակատային կողմից: Ապահովվածությունից ելնելով և առավել արդյունավետ ծառայելու նպատակով, լուսավորությունն ու օդափոխանակությունը իրականացնելու համար պատերին պատուհաններ չեն բացվել, այլ որպես այդպիսիք՝ երդիկների տեսքով, բացվել են տանիքներից: Պաշտպանական նկատառումներից ելնելով որոշ քարավանատների պատերը և անկյունները արտաքինից ամրացվել են բուրգերով, ինչպես ամրոցները կամ դղյակները:

Արագածոտնի մարզը հայտնի է Թալինի, Արուճի և Արայի քարավանատներով:

Թալինի մեծ քարավանատուն: Կառուցվել է Թալինից հարավ՝ Թալին-Դաշտադեմ ճանապարհի ձախ կողմում (XII-XIII դդ): Չափերով այն համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը: Պատկանում է բազմադահլիճ-բակավոր քարավանատների տիպին: Բաղկացած է եռանավ երկու քարավանատներից և բակից: Սկզբում կառուցվել է արևելյան կողմի եռանավ դահլիճը, ապա քառակուսի բակը և արևմտյան դահլիճը: Բակը և նրան արևմուտքից ու արևելքից կից դահլիճները բաժանված են խուլ պատերով և միմյանց անհաղորդ են: Բոլոր երեք կառույցներն ունեն մեկական մուտքեր և բացված են հարավային կողմից: Քարավանատան հարավարևելյան անկյանը կից առկա է ոչ մեծ սենյակ, որը հավանաբար ծառայել է պահակասենյակ: Բակը ներսի պարագծով, կողք-կողքի դասավորվածությամբ ունեցել է ճակատային բացվածքով թաղակիր սենյակներ` առևտուր, ապրանքափոխանակություն, առևտրային գործարքներ իրականացնելու:

Քարավանատան արևելյան և արևմտյան պատերը դրսի կողմից ամրացված են եղել բուրգերով:

Այն մեզ է հասել խիստ ավերված վիճակում և դրա հիմնական պատճառը հանդիսացել է մարդկային գործոնը: Դարեր շարունակ սև տուֆաքարից կառուցված քարավանատան սրբատաշ քարերը քանդել ու տարել են այլ նպատակներով օգտագործելու համար: Ուշագրավ տեղեկություն է հաղորդում Թ. Թորոմանյանը նշելով, որ Շահրիարցի Օհան Սուլթանը քանդել է քարավանատունը և քարերը ուղտերով տեղափոխել իր բնակավայր:

Արուճի քարավանատուն: Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:

Արայի քարավանատուն: Գտնվում է Ապարանի տարածաշրջանի Արայի գյուղից 1 կմ հարավ: Ինչպես Թալինի քարավանատունը, այնպես էլ այս հուշարձանը մարդկանց կողմից քանդվել է մարդկանց կողմից` քարերն օգտագործելով զուտ կենցաղային նպատակներով: Ներկայումս քարավանատնից պահպանվել է պատի մի փոքր հատված, ինչն էլ դժվարացնում է հուշարձանի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու խնդիրը, և միայն պեղումների շնորհիվ է հնարավոր որոշակիորեն շունչ հաղորդել և վերականգնել շինության սկզբնական տեսքը: Այդ տեսանկյունից հատկանշական են Շախաթունյանի և Թամանյանի հիշատակությունները, որոնք հասցրել են տեսնել հուշարձանը գրեթե ամբողջական տեսքով, բացառությամբ տանիքի, որը փլուզված է եղել: Ամենաուշագրավն այն է, որ մուտքի վրա պահպանված է եղել քարավանատան կառուցման թվականը (1213 թ. (ՈԿԲ) Վաչուտյան իշխանների մասնակցությամբ: Այն ևս պատկանել է եռանավ-միադահլիճ քարավանատների տիպին:Պետք է նշել, որ այս քարավանատան պատերը ավելի բարձր են եղել, քան մյուս նմանատիպ կառույցները: Հուշարձանի տարածքում 2010 թ. իրականացվել են մասնակի պեղումներ:

Օգտագործված գրականության ցանկ

1. Թորոս Թորոմանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ 2, Եր. 1948:
2. Պետրոսյանց Վ. Մ., Ապարանի շրջանի պատմական հուշարձանները, Բանբեր Հայաստանի արխիվների, 2-1983:
3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ 1- 2, Եր. 1986, 1988:
4. Մաթևոսյան Կ. Ա., Արուճ, Եր. 1987:
5. Հարությունյան Վ. Մ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Եր., 1960:
6. Հայազն Տ., Կիրակոսյան Հ., Արայի, Եր., 2010: