ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ս. թ. սեպտեմբերի 21-ին`«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անկախության օրվան նվիրված միջոցառումները կսկսվեն 14:00-ին` Էջմիածնում տեղակայված N զորամասին զինծառայողների ռազմահայրենասիրական քայլերգով: Տոնի առիթով արգելոց-թանգարանի տարածքում պարգևատրվելուց հետո, զինծառայողները կշարժվեն դեպի թանգարան, որտեղ ներկա կլինեն «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսի բացմանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվող «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել XIX դարի վերջի և XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարների և չափագրությունների միջոցով կցուցադրվի Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ Երևանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող իրերով ներկայացվելու է տվյալ ժամանակաշրջանի խոհանոց և ննջասենյակ, հավաքվելու է միջին դասի քաղաքային բնակարանի ինտերյեր: Ներկայացվելու է նաև նյութական ու հոգևոր մշակույթը` թատրոնը, դպրոցը և երաժշտությունը` պաստառների ու այլ իրերի միջոցով: Ցուցադրությունը սկսվելու է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի` Ալեքսանդրապոլի հատակագծի ներկայացմամբ: Այն հիմնական ֆոնդում պահվող Ս.Մաթևոսյանի անձնական արխիվից է:

Անկախության տոնի 24 ամյակին նվիրված ցուցադրությանը, ժամը 15:00-ին հաջորդելու է տոնական համերգ,որի ընթացքում կատարումներով հանդես կգան «Տարոնցիներ», «Հուշեր» պարային համույթները, երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը, Տիգրան Հայորդին, Արուս Գուլանյանը, Մադլեն Ասրյանը և Լարիսա Հակոբյանը: Միջոցառումը կվարեն ասմունքող, հաղորդավար Ջիվա Սարգսյանը և Աիդա Ալեքսանյանը: