ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԵԾԱՄՈՐԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԵԾԱՄՈՐԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Կոմիտասի թանգարան-ինտիտուտում այսօր մեկնարկել է «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» երկօրյա միջազգային գիտաժողովը: Ռուսաստանի Դաշնությունը, Լեհաստանը, Բելառուսը, Վրաստանը, Իտալիան, ԼՂՀ-ն ներկայացնող հայ և օտարազգի պատմաբան-հնագետների քննարկման թեման Մեծամոր հնավայրի պատմական, հնագիտական, մշակութային հարուստ ժառանգությունն ու պահպանությունն է: Մեծամոր հնավայրի պեղումների 50 և արգելոց–թանգարանի ստեղծման 45¬ամյակներին նվիրված գիտաժողովի ընթացքում գիտնականները կներկայացնեն Մեծամոր հնավայրի ուսումնասիրության վերաբերյալ իրենց աշխատանքների արդյունքները:

Գիտաժողովը բացեց ու ներկաներին արդյունավետ աշխատանք մաղթեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Նա շեշտեց Վարշավայի համալսարանի հնագիտության և «Պատմամշակութային արգելոց –թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի խոսուն վկան իրականացվող համատեղ պեղումներն են:

«Հայաստանը հին մշակութային երկիր է և չափազանց հարուստ հնագիտական հուշարձաններով: Մեծամորում իրականացվող պեղումները նպատակ ունեն երևան բերելու և ուսումնասիրելու մեր նախնիների տարբեր պատմական դարաշրջաններում ստեղծված նյութական և հոգևոր մշակույթը: Հնագիտական իրեղեն ապացույցներով հիմնավորվեց «Մեծամորի» տնտեսական կյանքի բարձր մակարդակը և այս նոր տվյալների շնորհիվ հարստացրեցինք մեր պատկերացումները բնակավայրի վերաբերյալ: Մեծամորում հայ-լեհական համատեղ պեղումները հնագիտական ուսումնասիրությունների նոր փուլ նշանավորեցին: Հնագիտական իրեղեն ապացույցներով հիմնավորվեցին «Մեծամորի» տնտեսական կյանքի բարձր մակարդակը և այս նոր տվյալների շնորհիվ հարստացրեցինք մեր պատկերացումները բնակավայրի վերաբերյալ», – մասնավորապես ասված էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքում, որը ներկաներին փոխանցեց նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Գիտաժողովն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Լրագրողներին հետ զրույցում նա նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել հայ և լեհ հնագետների համատեղ աշխատանքին:

«Ծանոթանալով Մեծամորին նշանակում է տեղեկանալ մարդկության քաղաքակրթության հազարամյակների զարգացմանն ու մշակութային պատմությանը», -ասաց դեսպանը, կարևորելով Մեծամորի ժառանգության պահպանումը:

«Գիտաժողովին քննարկվելու են Մեծամորին առնչվող ամենալայն շրջանի թեմաներ, քանի որ Մեծամորն իր մեջ ներառում է լայն ժամանակահատված՝ խորը միջնադար, անտիկ, ուրարատական, ուշ և վաղ բրոնզի ժամանակաշրջաններ: Յուրաքանչյուր ժամանակաշրջանի և փուլի մասնագետ այսօր կարող է իր խոսքն ասել Մեծամորի մասին, նրա համաժամանակյա հուշարձանների կապի և տարբերությունների մասին», – նշեց ասաց «Պատմամշակութային արգելոց¬-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-¬ի տնօրենի տեղակալ. Պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքով, հիսուն տարիների ընթացքում Մեծամորի թանգարանում կուտակվել է հսկայական նյութ, որը ներկայացման և հանրահռչակման կարիք ունի: Արգելոց-թանգարանի ֆոնդերում պահվող գտածոների ընդհանուր քանակը 28 հազարից ավելի է:

«Արդեն երրորդ տարին է, ինչ հայ¬-լեհական արշավախումբն աշխատում է Մեծամորի հնավայրում: Եվ մեզ համար շատ կարևոր է մասնակցությունն այս գիտաժողովին, քանի որ այսպես մենք ամփոփում ենք մինչև այս պահին կատարված աշխատանքների արդյունքները, որոնք թույլ են տալիս ասել, որ Մեծամորը ավիրվել էր, իսկ նրա բնակիչները սպանվել էին Արգիշտի թագավորի զորքերի կողմից», -լրագրողների հետ զրույցում նշեց Վարշավայի համալսարանի հնագիտության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր և հայ-¬լեհական արշավախմբի համաղեկավար Քշիշտոֆ Յակուբյակը:

Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանն իր ողջույնի խոսքում կարևորելով համագործակցությունը նշեց, որ Մեծամորի հնավայրը ինքը համար «բացահայտել» է ութ տարի առաջ և շատ ուրախ է, որ ներկայում հնագիտական լուրջ աշխատանքներ են իրականացվում:

Նշենք, որ Գիտության պետական կոմիտեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հնագիտական աշխատանքների իրականացմանը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան խոսքով էլ, Մեծամոր ասելով գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող հուշարձանի հետ: Հնավայրի պեղումների, նաև միջազգային ճանաչման հարցում նա առանձնահատուկ ընդգծեց Մեծամորի նվիրյաներից` Էմմա Խանզադյանի, Կորյուն Խաչատրյանի ավանդը: Պ.Ավետիսյանը կարևորեց արգելոց-թանգարանի գոյությունը, որը հնարավորություն ընձեռում հանրահռչակել պեղումներից հայտնաբերված գտածոները:

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանն էլ անդրադարձավ գիտակրթական նշանակությանն ու անհրաժեշտ բազայի ձևավորմանը: Նրա խոսքով, այսօր հիմնվող դպրոցը կարևոր նշանակություն կունենա հետագայում ուսանողների կրթման հարցում:

Գիտաժողովին ներկա ոլորտի նվիրյալ Էլմա Պարսամյանը կիսվեց տարիներ առաջ Էմմա Խանզադյանի`պեղավայրում կատարած աշխատանքներից հիշողություններով:

Հոկտեմբերի 3-ին Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի համալրված ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն վերջին մի քանի տարիներին իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված իրերը, առարկաներն ու գտածոները:


«Մեծամոր կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողով
Մեծամոր հնավայրի պեղումների 50 և արգելոց–թանգարանի ստեղծման 45-ամյակներին նվիրված գիտաժողով, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համալրված ցուցադրութ…
youtube.com