քաղաք Գորիս, պետ. ցուցիչ` 8. 3. 130
Գորիսի կենտրոնական զբոսայգում է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշաղբյուրը /կառուցված է սրբատաշ բազալտից/: Հուշաղբյուրի դիմահայաց պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, մեջտեղում` բացվածքների մեծությամբ, կամարակապ խորշ: Խորշի մեջ` տարբեր բարձրությունների վրա, տեղադրված է երեք ցայտաղբյուր: Կենտրոնական խորշի աջ և ձախ կողմերում կան չափերով ավելի փոքր սյունազարդ երկու խորշեր, որոնցում տեղադրված են մեկական ցայտաղբյուրներ: Նմանատիպ երկու սյունազարդ խորշեր և մեկական կամարակապ բացվածքներ էլ առկա են հուշաղբյուրի կողային պատերին, իսկ կողային խորշերի մեջ կանգնեցված են մեկական ցայտաղբյուրներ: Ցայտաղբյուրների ընդհանուր թիվը յոթն է: Այս հանգամանքով է պայմանավորված, որ գորիսեցիները այն անվանել են «Յոթնաղբյուր»: Հուշաղբյուրի աջ և ձախ թևերին հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է. «Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին` 1943-45թթ.», իսկ հուշարձանի ճակատով մեկ գրված է. «Հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված Զանգեզուրի հերոսներին»: Դիմահայաց պատի հակառակ երեսին ագուցված գրանիտե սալիկի վրա կարդում ենք գուսան Աշոտի աղբյուր-հուշարձանին նվիրված երգից մի քառատող.
Նրանց արդար հոգիներից
Բխում է պաղ, զուլալ աղբյուր,
Ամեն անգամ ջուր խմելիս`
Շրթունքներով կտանք համբույր…
Հուշարձանն ունի երկկողմանի աստիճանաշար: Անմիջապես դիմացից բարձրանում է չորս աստիճան ունեցող մեկ ընդհանուր աստիճանաշար, իսկ պատի կամարակապ բացվածքներից սկիզբ են առնում յոթ աստիճանաշար ունեցող զույգ աստիճաններ, որոնցով դուրս են գալիս հուշաղբյուրի հակառակ երես:
Հուշարձանի ամբողջ լայնությամբ ձգվում է բուսական նկարագիր ունեցող զարդագոտի:
Օգտագործված գրականություն
1. Սերգեյ Հախվերդյան, Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005