ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ԳՐՈԴՆՈՅԻ ՅԱՆԿԻ ԿՈՒՊԱԼԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ԳՐՈԴՆՈՅԻ ՅԱՆԿԻ ԿՈՒՊԱԼԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

2015-12-02T15:55:42+00:00 30/11/2015|Լրահոս|

Նոյեմբերի 26-27-ը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Բելառուսում: Նրանք Գրոդնո էին մեկնել բելառուս գործընկերների հրավերով և փոխգործակցությանը նոր փուլ հաղորդելու նկատառումով: Մինչ օրս հայ և բելառուս մասնագետների համագործակցությունը սահմանափակվել է միջազգային գիտաժողովների մասնակցությամբ, հուշարձանների պահպանության, դրանց հասցված վնասի գնահատման, փոխհատուցման, իրավական այլ հարցերի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ մասնագիտական կարծիքի փոխանակմամբ:

Համագործակցության նոր ձևաչափն առավել ընդգրկուն է` գիտահետազոտական, գիտակրթական ծրագրերի իրականացում, մասնագետների վերապատրաստում, փորձի փոխանակում և այլն:

Երկօրյա այցի նպատակը հենց վերը շարադրված հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելն էր: Հաջորդ տարի նախանշվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Գրոդնոյի Յանկի Կուպալայի անվան համալսարանի միջև համագործակցության պայմանագրի ստորագրում:

Հայկական պատվիրակության անդամները հյուրընկալվել են Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանում, հանդիպում ունեցել բուհի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Անդրեյ Կորոլի, համալսարանի խորհրդի անդամների հետ:

Հենց խորհրդի նիստում, Վլադիմիր Պողոսյանը հրապարակել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը` հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար, Յանկա Կուպալայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մարտինենկոյին «Գրիգոր Նարեկացի» մեդալով ու պատվոգրով պարգևատրելու մասին: Պարգևը Ի. Մարտինենկոյին հանդիսավորությամբ հանձնել է Վլ. Պողոսյանը:

Քննարկված հարցերի շրջանակում է եղել նաև ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Հակոբյանի` դոկտորական դիսերտացիայի պաշտպանության հարցը, որի գիտական խորհրդատուի դերը սիրով ստանձնել է Իգոր Մարտինենկոն: Դիսերտացիայի թեմատիկան կառնչվի հուշարձանների պահպանությանը և օգտագործման իրավական հիմանխնդիրներին:

Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև համալսարանի ուսանողների հետ: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հանդես է եկել զեկուցումով`ներկայացնելով ՊՈԱԿ-ի կառուցվածքը, իրավասություններն ու լիազորությունները, խոսել կազմակերպության պահպանության տակ գտնվող հուշարձանների մասին: Զեկուցումն ուղեկցվել է սլայդ շոուի ցուցադրությամբ: Վլ. Պողոսյանը պատասխանել է բազմաբովանդակ հարցերի: Ուսանողները հետաքրքրվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում արդեն չորրորդ տարին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվող ճամբար-կայանատեղիիով, ցանկություն հայտնել այդ ծրագրով այցելել Հայաստան:

Բելառուս ուսանողները հայկական պատվիրակության անդամներին հաճելի անակնկալ են մատուցել: Բուհի իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի երկու ուսանողուհի ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՈՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների մասին պատմող սլայդ-շոու:

Երկօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են նաև տեղի պատմամշակութային հարուստ ժառանգությանը` եղել Գրոդնոյի Հնագիտության, Կրոնի պատմության պետական, Հին դղյակ թանգարաններում, այլ հուշարձանների տարածքներում:

Բելառուսների հետ գործակցությունը ՊՈԱԿ-ի` միջազգային համագործակցության ոլորտում երրորդ լուրջ ձեռքբերումն է: «Պահպանության ծառայությունը» տարբեր ասպեկտներով համագործակցում է Վարշավայի հնագիտոության ինստիտուտի և Մոսկվայի Դմիտրի Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի հետ:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը և տնօրենի խորհրդական Նորայր Հակոբյանը այցի առիթով հարցազրույց են տվել բելառուսական ОНТ հեռուստաընկերությանը:

Ի դեպ, հայկական պատվիրակության այցի մասին հոդված է տեղադրվել Յանկի Կուպալայի անվան համալսարանի պաշտոնական կայքէջում:

ГрГУ имени Янки Купалы с рабочим визитом посетила делегация Службы по охране исторической среды и историко-культурных музеев-заповедников Министерства культуры Республика Армения