Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.207
…Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմութիւն,
Ուր պարտութիւնն անգամ ունի հպարտութիւն,
Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
Ու այս կամքով
Պարել գիտի.. (Գ. Էմին)
«Լեռնային պար» քանդակային կոմպոզիցիան առաջին անգամ հասարակության դատին ներկայացվեց 1973թ. Հայաստանի Նկարիչների տանը բացված ցուցահանդեսում` արժանանալով մասնագետների դրվատանքին: Ազատ քանդակի ոճով կերտված և վեց ֆիգուրներից կազմված պարային դրվագ պատկերող քանդակը պահվում է պատվանդանին` հենված երեք կետերի վրա: Ձեռք ձեռքի տված պարողներից երեքը կերտված են օդում` թռիչքի պահին: Մեկ ընդհանրություն կազմող խմբակային պարում յուրաքանչյուր պարող պատկերված է ինքնամոռաց և սրտառուչ հոգեվիճակում: Քանդակագործը պարային դրվագի միջոցով միմյանց է միացրել հայ ազգի տարբեր խավերի ներկայացուցիչներին: Չնայած նրանցից յուրաքանչյուրն ունի իր անհատականությունը և առանձնահատկությունները` համընդհանուր պարում առաջ է ընթանում համաքայլ` պարելով հպարտ ու խրոխտ:
Եթե պարի առջևից և վերջից ընթացողները պատկերված են մարտաշունչ, անսասան, զգաստ ռազմիկի կերպարով, ապա պարախմբի միջնամասում ինքնամոռաց, անձնվեր և զգայուն մտավորականն է, խաղաղ ստեղծագործողը, արարող մայրը:
1980թ. Մոսկվայում կայացած քանդակագործության համամիութենական ցուցահանդեսում ներկայացված «Լեռնային պար» քանդակի բրոնզյա տարբերակը վերստին արժանացավ մասնագետների ուշադրությանը, որը գնեց Աշգաբադի թանգարաններից մեկը:
Դվին հյուրանոցի մոտ տեղադրված պղնձակոփ արձանը սկզբում որոշված էր ձուլել բրոնզից: Չնայած ձուլման աշխատանքները կիսով չափ կատարված էին, սակայն պատվիրատուն որոշեց այն կոփել պղնձից: Լեռնային պար քանդակային կոմպոզիցիան տեղադրվել է 1984 թ. Պռոշյան փողոցում, Դվին հյուրանոցի առջև: Արձանի նյութը կոփածո պղինձ է և բազալտ: Քանդակի չափսերն են` 7х5х1մ: Քանդակագործն է Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը` Աշոտ Ալեքսանյանը, դրվագողը` Ներսես Չարխչյանը:
Օգտագործված գրականություն
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004թ.