ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

Հին Գորիս գյուղատեղին տարածվում է Գորիս քաղաքից արևելք, համանուն գետի ձախ ափին /պետ. ցուցիչ` 8.3.2/: Գյուղատեղին հատկապես աչքի է ընկնում իր ինքնատիպ միջնադարյան եկեղեցիներով ու մատուռներով, ժայռափոր կացարան-բնակարաններով, մելիքական ապարանքներով, բնակելի ու հասարակական նշանակության շինություններով: Գյուղատեղիի արևելյան եզրին պահպանվել է քարաժայռի վրա բարձր դիրք գրավող «Ձագեձոր» ամրոցի միջնաբերդը: Ժայռի ստորոտին է գտնվում 1776թ. կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է Հին Գորիսի նշանավոր մելիքական տոհմերից մեկի ներկայացուցիչ` մելիք Օհանի նախաձեռնությամբ: Մելիքի տունը գտնվում է Սբ. Հռիփսիմե եկեղեցուց արևելք, մոտ 70 մ հեռավորության վրա: Այն այժմ կիսավեր վիճակում է և իրենից ներկայացնում է քարայրին կից, երկհարկ, ուղղանկյուն հատակագծով մի շինություն, որի համար որպես պատ ծառայել է հարակից ժայռերից մեկը: Մելիքական ապարանքը կառուցված է կրաշաղախով, բազալտե կոպտատաշ քարերով և ունի շրջակայքի նկատմամբ իշխող դիրք: Գյուղատեղիի բոլոր բնակելի տները իրենց կից ունեն ժայռափոր բաժանմունքներ, որոնք երբեմն նաև բաղկացած են երկու հարկից: Բնակելի տները թվագրվում են XIX դարի երկրորդ կեսից մինչև XX դարի սկիզբ: Կան նաև բնակելի քարաբուրգեր ու տարբեր չափերի բազմաթիվ քարայրներ: Բնակելի քարայրների մեծ մասը` սկզբնական վիճակում, ունեցել են քարե շարվածքով նախասրահներ: Քարայրների գերակշռող մասը երկսրահ է, կան նաև մեկ կամ երեք սրահներից բաղկացած քարայրներ: Բոլորն էլ թվագրվում են միջնադարից մինչև XX դար: Կացարաններից շատերն ունեն լուսամուտներ, երդիկներ, ժայռափոր պահարաններ և մեկը մյուսի հետ կապված են նեղ միջանցքներով:

Գյուղատեղիի արևելյան եզրին գտնվող գերեզմանոցի տարածքում է կառուցվել «Մելիքների» եկեղեցին (XVII դար): Այն միանավ է, ունի թաղածածկ սրահ և շարված է կոպտատաշ բազալտե քարով: Եկեղեցու անմիջական հարևանությամբ գտնվող գերեզմանոցում հաշվում ենք մեկ տասնյակից ավելի տապանաքարեր ու խաչքարեր:

Գյուղատեղիի «Խաչերի ձոր» թաղում, գերեզմանոց տանող ճանապարհի ձախ կողմում եղած մի քանի ձիթհաններից պահպանվել է «Միրումենց ձիթհանը»: Ձիթհանը կիսաժայռափոր կառույց է` բաղկացած երկու սենյակից:

Արևելյան եզրին է գտնվում նաև ուղղանկյուն հատակագիծ ունեցող թաղակապ մատուռը: Միջնադարյան մեկ այլ մատուռ էլ գտնվում է «Ըմբովի ձոր» թաղում: Այն ևս ունի ուղղանկյուն հատակագիծ, կամարակապ է, երկթեք ծածկով: Հարավային պատի բացակայության պատճառով այն վերածվել է բաց սրահի, որի ներսում կա աղբյուր: Բնակիչներն այն անվանում են «Խաչին աղբյուր>>: Երկու մատուռներն էլ վերակառուցվել են XIX դարում: Գյուղատեղիի հյուսիսում է գտնվում IX-X դարերով թվագրվող Սբ. Մարտիրոս կիսաժայռափոր մատուռը, որը 1703թ. վերակառուցման է ենթարկվել: Բոլոր մատուռներն էլ շարված են կոպտատաշ բազալտե քարով:

Գյուղատեղիի «Ղաթրինի ձոր» թաղում է գտնվում XIX-XX դարերով թվագրվող բրուտանոցը: Այստեղ պատրաստվել են կավե զանազան կենցաղային ամաններ, որոնք անգնահատելի տեղ են զբաղեցրել գորիսեցու կենցաղում:

Գյուղատեղիի «Թթենիների տակ>> վայրում, ուղղաձիգ կտրվածք ունեցող բարձր ժայռազանգվածի ստորոտում է գտնվում քարանձավային թատրոնը` «Ամֆիթատրոնը»: Ժայռափոր, բարձր առաստաղով, դեպի խորքը լայնացող ընդարձակ սրահ է, որի գերակշռող մասը զբաղեցնում են քարակերտ նստարանները: Մուտքի մոտ է գտնվել երկհարկ բեմը, որն ունեցել է հրաշալի ակուստիկա` պայմանավորված կառույցի առանձնահատկություններով և ժայռատեսակով: Այն գործել է մինչև XX դարը:

Հին Գորիսը լքվել է XX դարի սկզբներին: Այսօր այն իր կառույցներով ներկայանում է պատմահնագիտական ամբողջություն հանդիսացող մի ավերակ բնակավայր: Իր քարայր-կացարաններով միջնադարյան հուշարձանի եզակի օրինակ է, գտնվում է բավականին վտանգված վիճակում, իսկ որոշ քարայրներ, ցավոք, կանգնած են փլուզման եզրին: