ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԳԱՆՁԱՍԱՐ

ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԳԱՆՁԱՍԱՐ

2016-03-25T10:38:45+00:00 14/03/2016|Լրահոս|

Արցախը թանգարան է բաց երկնքի տակ՝ մի աշխարհ, որը հարուստ է հազարավոր հինավուրց հուշարձաններով, միջնադարյան ճարտարապետության այնպիսի գոհարներով, ինչպիսիք են Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Գտչավանքը և այլն: Դրանցից, սակայն, ուզում ենք առանձնացնել Գանձասարը, հայ գրչության հին և նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ շատ բարձրարժեք ձեռագրեր են ստեղծվել: Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը երկար ժամանակ պահպանել է նաև հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, այստեղ կրթվել են հոգևոր և աշխարհիկ շատ գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Այդ մասին են վկայում ոչ միայն եկեղեցու որմերին ու խաչքարերի վրա պահպանված վիմագիր արձանագրությունները, այլև տեղում բացված մատենադարանը: Բավական է ներս մտնել և Գանձասարի ձեռագրատանը դարեր առաջ ստեղծված արժեքավոր ձեռագիր մատյաններն ու վավերագրերը ակամա «կստիպեն» թափանցել մեր պատմության ու մշակույթի խորքերը:

Հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում: XIII դարի առաջին կեսը, ըստ ամենայնի, եղել է Խաչենի անկախ իշխանության վերելքի շրջանը: Հենց այդ ժամանակ էլ Արցախում ստեղծվել են հայկական գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդ մտած արվեստի երևելի գործեր:

Գանձասարի վանքը հիմնականում բաղկացած է եկեղեցուց և գավթից, որոնք այնպիսի մի ամբողջություն են կազմում, որ ասես առանձին շինություններ չեն և կառուցվել են միաժամանակ: Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի, դարպասներով պարիսպների հետ միասին Գանձասարը հայ ճարտարապետության լավագույն համալիրներից մեկն է: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով:

Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով են պատմում վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Հրաշակերտ Գանձասարը կարճ ժամանակահատվածում դառնում է երկրամասի մշակութային կյանքի կարևոր ու խոշոր օջախ, կաթողիկոսանիստ: XVII դարի վերջից Գանձասարը դառնում է նաև երկրամասի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 1701 թվականին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով Ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար:

1923 թվականից՝ Արցախ աշխարհն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին:

Գանձասարի ճարտարապետական համալիրը՝ շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Իր անկրկնելի գեղեցկությամբ Գանձասարը, իրավամբ, Արցախում հայտնի է որպես ազգային ճարտարապետության գլուխգործոց: Նրա նշանակությունն ավելի է ընդգծվում շրջապատի հարյուրավոր այլ հուշարձանների շնորհիվ, որոնք ասես ժամապահների պես օղակել և պահում-պահպանում են Խաչենի «մարգարիտը»: Գանձասարի վանքը կերտողների ստեղծագործությունները լիիրավ կերպով կարող են համարվել XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան:

Հայկական ճարտարապետության պատմության լավագույն գիտակ Ա. Լ. Յակոբսոնի կարծիքով Գանձասարի վանքը ոչ միայն «ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»: Սորբոնի համալսարանի նշանավոր բյուզանդագետ պրոֆեսոր Շառլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարել է Գանձասարը:

Այնպես որ, երբ որոշեք լինել Արցախում, չմոռանաք այցելել Վանք գյուղ, իսկ գիշերը՝ նայել Գանձասարի բարձունքին. մթության մեջ լուսավորված վանքը կարծես երկնքից կախված պայծառ ջահ լինի: