ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

2016-05-26T16:06:32+00:00 02/05/2016|Լրահոս|

Ապրիլի 28-ից մայիսի 1-ը ՀՀ-ում՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղում` Տուրիզմի հայկական ինստիտուտում կայացել է «Մշակութային, գիտական և պատմական ասպեկտները՝ որպես ԵՏՄ անդամ պետությունների միասնության գործոն» խորագրով միջազգային գիտաժողով: Միջոցառման կազմակերպիչների թվում են «Պատմություն և միաբանություն» ՀԿ, «Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը» և Տուրիզմի հայկական ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի մշակույթի, տուրիզմի, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներ ու կազմակերպություններ: Գիտաժողովի նպատակը մշակութային, գիտական և հումանիտար բնագավառներում ԵՏՄ անդամ երկրների երիտասարդների միջև երկխոսություն հաստատելն է:

Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձել են ինչպես իրենց երկրներում, այնպես էլ ԵՏՄ համագործակցության շրջանակներում առկա խնդիրներին, առավելություններին և զարգացման հետագա ուղղություններին: Գիտաժողովի ընթացքում ակտիվ քննարկվել են առաջադրված հարցերը, իսկ ավարտին ամփոփվել են զեկույցները, ապա՝ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը բոլոր զեկուցողներին հանձնել է մասնակցության վկայագրեր:

Գիտաժողովի ընթացքում «ՀՀ տնտեսության զարգացման գործում տուրիզմի ազդեցության գնահատումը» խորագրով զեկույցով հանդես է եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի շուկայաբանության մասնագետ Սրբուհի Իսրայելյանը: Նա իր զեկույցում անդրադարձել է ՀՀ-ում տուրիզմի զարգացման մրցակցային առավելություններին, ոլորտում առկա խնդիրներին և ՀՀ մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու զբոսաշրջիկների թվի ավելացմանն ուղղված միջոցառումներին ու քայլերին: