ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԱՐՈՒՍՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԱՐՈՒՍՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

2018-03-29T15:59:55+00:00 26/09/2016|Սյունիք, Լրահոս|

«Եվրոպական մշակութային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը, Սյունիքի մարզային գրադարանը և Կապանի երկրագիտական թանգարանը համատեղ կազմակերպել էին «Ինքնատիպ մի մշակույթ, որ պահպանվեց բազում արհավիրքներից» խորագիրը կրող համաժողով:

Երկրագիտական թանգարանում անցկացված միոջոցառմանը «Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը, Բեխի անապատ» զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: Խոսելով միջնադարյան անապատների մասին նա նշել է, որ ի տարբերություն վանքերի, անապատները կառուցվել են բնակավայրերից հեռու, մեկուսի վայրերում և ունեցել են մեկ եկեղեցի:

«Բեխի կամ Տանձափարախի անապատը գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հվ-արևմուտք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի բացատում: Անապատի եկեղեցու և սեղանատան պատերի մեջ ագուցված են տարբեր դարաշրջանների պատկանող բազմաթիվ ճարտարապետական բեկորներ: Բոլոր շինությունները կառուցված են կիսամշակ բազալտից և որձաքարից՝ 17-րդ դարին բնորոշ շինարարական տեխնիկայով: Օգտագործված բեկորները դեղին, կարմրավուն, սև երանգավորում ունեցող տուֆից են: Բեկորներում հանդիպում են ատամնավոր քիվի, քանդակազարդ զարդագոտիների հատվածներ, հավասարաթև խաչաքանդակներով հարդարված քարեր: Եկեղեցու արևմտյան ճակատին՝ արտաքուստ ագուցված քարի վրա պահպանվել է ուռուցիկ գրված արձանագրության մի կտոր: Փորագրության ձևը հատուկ է 12-14-րդ դարերին: Ակնհայտ է, որ անապատի տեղում եղել է ավելի հին հուշարձան, որը լրիվ քանդվել է և, ինչպես բնորոշ է միջնադարյան մեր բոլոր հուշարձաններին, նախկին կառույցի քարերը օգտագործվել են նոր շինարարության ժամանակ», – իր զեկույցում նշել է Ա. Հակոբյանը:

Նրա խոսքով Սյունիքի միջնադարյան ճարտարապետության գիտակ Մուրադ Հասրաթյանը՝ հաշվի առնելով քանդակազարդ բեկորների և արձանագրության ոճական առանձնահատկությունները, մարզի հուշարձաններին նվիրված իր գրքում նշել է, որ անապատի նախնական հուշարձանը կառուցված է եղել 7-րդ դարից ոչ ուշ և կանգուն է եղել մոտավորապես մինչև 14-րդ դարը, որից հետո քանդվել է կամ երկրաշարժից, կամ թշնամիների կողմից:

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի զեկույցը վերաբերում էր Սյունիքի մարզի հնագիտական գտածոներին: «Հնագույն գտածոների առկայությունը Կապանի երկրագիտական թանգարանում» խորագրով զեկուցման ընթացքում ներկայացվել են թանգարանում պահվող հնագիտական իրերը: Գ. Սմբատյանն անդրադարձել է նաև վերջին մի քանի տարիներին մարզում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ու արդեն թանգարանում իրենց տեղը զբաղեցրած գտածոներին:

Համաժողովի ավարտին մասնակիցներին ներկայացվել է թանգարանի ցուցադրությունը: