Աղձք պատմաճարտարապետական հուշարձան համալիրը (պետ ցուցիչ` 2.8.1) կառուցվել է IV դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ: Համաձայն հինգերորդ դարի հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայության ՝ 364 թ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ պարսից զորքերը՝ պետականության գաղափարը ազգային գիտակցությունից արմատախիլ անելու նպատակով, քանդում են Արշակունի թագավորների գերեզմանները և որոշում նրանց ոսկորները տեղափոխել Պարսկաստան: Սակայն հայկական զորքերը՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, Արարատյան դաշտում խայտառակ պարտության են մատնում պարսկական զորքերին, առգրավում հայ թագավորների ոսկորները և վերաթաղում Աղձք բնակավայրում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները Ագարակ համայնքի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էին «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» խորագիրը կրող բաց դաս և էքսկուրսիա՝ Աղձք պատմաճարտարապետական հուշարձանի տարածքում:
Հուշահամալիրի տարածքը մինչև XX դարի առաջին կեսը հնագիտական պեղումների չի ենթարկվել: 1973-1975 թթ. ընթացքում կազմակերպվել են մասնակի պեղման, ամրակայման, վերականգնման, բարեկարգման աշխատանքներ, իսկ 2001-2002 թթ.` բարեկարգման և չափագրման աշխատանքներ: 2015 թ. համալիրում վերսկսվել են պեղման աշխատանքները:
Հուշարձանի տարածքում այս օրերին էլ հնագետներն աշխատում են: Նրանցից Մերի Սաֆարյանը դպրոցականներին ներկայացրել է հուշարձանի պատմագրությունը, պեղումների ընթացքը, խոսել հայտնաբերված գտածոների, հուշարձանի ճարտարապետական կառուցվածքի մասին:
Հետաքրքիր մթնոլորտում անցկացված միջոցառման ընթացքում դպրոցականների ակտիվ ու բազմաբովանդակ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: