ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ

2017-02-06T16:15:12+00:00 01/12/2016|Լրահոս|

«Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքներ» աշխատությունը (հեղինակ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ֆոնդերի գծով տեղակալ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիաննա Գևորգյան) առաջին քայլն է հայերենով թանգարանների աշխատողներին և թանգարանային գործում մասնագիտացող ուսանողներին ներկայացնելու ժամանակակից թանգարանագիտության կարևոր բնագավառներից մեկի հիմնախնդիրները։ «Էքսկուրսավարության հիմունքներ» ձեռնարկն էլ (հեղինակներ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ֆոնդերի գծով տեղակալ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիաննա Գևորգյան և նույն բուհի դասախոս, թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյան) վերաբերում է թանգարանագիտության մեկ այլ կարևոր և շատ քննարկվող ոլորտներից մեկին՝ էքսկուրսավարությանը։

«Երկուսն էլ բուհական ձեռնարկներ են, երկուսն էլ մշակված են ժամանակակից գրականության հենքի վրա, մեկը ներկայացնում է ցուցադրությունների կազմակերպման մեթոդները, այդ թվում բացօթյա թանգարանների ցուցադրությունների առանձնահատկությունները, մյուսը՝ էքսկուրսիա վարելու նրբությունները։ Սրանք այն ձեռնարկներն են, որոնք այսօր անհրաժեշտ են բուհական լսարանում, դասագրքեր են բոլոր այն հումանիտար բուհերի ուսանողների համար, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են թանգարանային ցուցադրությունների կազմակերպմանը և տուրիզմին»,- ձեռնարկների կարևորությունն այսպես է ներկայացնում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը։

Լիաննա Գևորգյանը վստահ է, որ ներկայացված գրքերը ուսումնամեթոդական հրաշալի ձեռնարկներ են նաև դասավանդող մասնագետների համար․ «Եթե մինչև այսօր մենք դասավանդում էինք ռուսական գրականությամբ, որի դեպքում ուսանողները հսկայական ժամանակ էին ծախսում թարգմանության վրա, ապա այժմ նրանց սեղանին են դրվում մասնագիտկան տարբեր ձեռնարկների հիման վրա ստեղծված հայերեն դասագրքեր: Այստեղ անդրադարձ կա նաև ցուցադրության կազմակերպման և էքսկուրսիաների անցկացման Հայաստանի մասնագետների փորձին»։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանության թանգարանում ներկայացված ձեռնարկները հրատարակվել են «Պահպանության ձառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: