ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

2017-02-14T12:22:47+00:00 10/02/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ այս տարի մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ կկազմակերպվեն: Մասնավորապես` ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի աշխատակիցների ջանքերով և ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող ՊՈԱԿ-ի ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի գիտաշխատողների օժանդակությամբ` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցադրությունը:

Կներկայացվեն հայկական հոյակերտ ճարտարապետական կառույցներից պահպանված մասունքներն ու այդ հուշարձաններն ուսումնասիրած յոթ հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությունը: Նրանք ուսումնասիրել ու աշխարհին են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները:

Երախտավորներին անդրադարձը սկսենք Ժան Շարդենի ճանապարհորդությունից. 1671 թվականի օգոստոսին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը ճանապարհ է ընկնում դեպի Արևելք` Կոստանդնուպոլսից Սև Ծովով Վրաստան, ապա` Արևելյան Հայաստան և Իրան (1672-1673 թվականներին)։ Նրան ուղեկցող նկարիչ Ժոզեֆ Գրելոն այդ ընթացքում արժեքավոր նկարներ է ստեղծել, որոնք հետագայում արտատպվել են որպես գրավյուրներ՝ փորագրանկարներ, այդ թվում` Էջմիածնի և Երևանի մասին: Էջմիածին կատարած այցելությունից հետո ֆրանսիացի ճանապարհորդն իր ուղեգրություններում գրում է. «Երևանից երեք մղոն հեռավորության վրա է գտնվում երեք եկեղեցիների նշանավոր վանքը՝ հայ քրիստոնյաների սրբություն սրբոցը, եթե ես համարձակվեմ այսպես կոչել այն, որին նրանք վերաբերվում են առանձնակի բարեպաշտությամբ»:

Այդ ճանապարհորդության մասին պատմող ուշագրավ տեղեկություններով հարուստ, ինչպես նաև Գրելոյի՝ պատմական մեծ արժեք ներկայացնող փորագրանկարներով գիրքը տպագրվեց 1686 թվականին Լոնդոնում, ֆրանսերենով։ Գրքի լրացված և ամբողջական տարբերակը լույս տեսավ 1711 թվականին՝ Ամստերդամում: Այն ռուսերեն թարգմանվեց և հրատարակվեց 1902 թվականին՝ Թիֆլիսում, Մ. Մարտիրոսյանցի տպարանում։

Ժան-Միշել Թիերին ծնվել է 1916 թ.-ին Ֆրանսիայում, մասնագիտական կրթությունը ստացել Փարիզում։ Նա նաև ավարտել է Փարիզի հայկական կաթոլիկ ինստիտուտը: Ֆրանսիացի բժիշկ և արվեստաբան Ժ. Թիերին ուսումնասիրել է բյուզանդական և հայկական արվեստը։ Եղել է հայագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի անդամ։ 1977-1989 թթ. Փարիզում՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտում դասավանդել է հայկական մշակույթ և արվեստ։ 1989 թ.-ին Նյու Յորքում հրատարակված «Հայկական արվեստ» գրքի համահեղինակն է, գրել է բազմաթիվ գիտական հոդվածներ հայկական արվեստի՝ հատկապես ճարտարապետության վերաբերյալ: 2000 թ․-ին Թիերին գրել է «Հայաստանը միջնադարում», իսկ 2005 թվականին՝ «Հայկական հուշարձանները Բարձր Հայքում» գրքերը։

Արվեստի ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու, ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնի, իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեոյի, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տոկարսկու, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելոյի հայանպաստ գործունեությանը կանդրադառնանք առանձին: