ԼՈՌՎԱ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ

ԼՈՌՎԱ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ

2018-03-29T15:58:05+00:00 28/04/2017|Լոռի, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է «Լոռի, իմ սեր, իմ գեղեցկություն» խորագրով համատեղ կազմակերպած միջոցառում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։ Միջոցառումը միտված էր հուշարձանների պահպանությանն ու հանրահչակմանը, պատմամշակութային ժառանգության հանդեպ մատաղ սերնդի հարգանքն ու հոգատարությունը արմատավորելուն։

Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների օրհներգերից հետո, միջոցառման կազմակերպիչներից` ֆրանսերենի ուսուցչուհի Արփինե Առաքելյանն, իր խոսքում կարևորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառման անցկացումը, հատկապես, որ այն իրականացվում է ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ Հայաստանում՝ ֆրանսերենով։ Միջոցառման ընթացքում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են Լոռու գեղատեսիլ բնությունն ու պատմամշակութային առավել հայտնի հուշարձանները, դրանց կառուցման մանրամասները և մարզային ծառայության տրամադրած այլ հետաքրքիր տեղեկություններ։ Աշակերտների ելույթներն ուղեկցվել են մարզի հուշարձանների մասին պատմող լուսապատկերային ցուցադրությամբ։

Մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը խոսել է այդ հուշարձանների առանձնահատկության, պատմամշակութային արժեքի, հայ մարդու մշակութային ինքնության պահպանության գործում դրանց կարևոր դերակատարման մասին։ Արմեն Գերյանի ելույթին հաջորդել է աշխույժ հարց ու պատասխան։

Միջոցառմանը ներկա են եղել դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրենը: Նրանք իրենց ելույթներում անդրադարձել են մեր պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների կազմակերպման մեծ նշանակությանը՝ առավել ևս օտար լեզուներով:

Միջոցառման ավարտին հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած 8-րդ դասարանի աշակերտները պարգևատրվել են դպրոցի շնորհակալագրով:

Կրթօջախի տնօրեն Հեղինե Կոստանյանը կարևորել է մարզային ծառայության նմանօրինակ միջոցառումների նախաձեռնումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել մարզի հուշարձանների տարածքներում՝ բաց դասերի և արշավների ձևով՝ ի նպաստ մեր ազգային հարստություն համարվող պատմամշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը: