ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2018-12-18T15:52:13+00:00 20/10/2017|Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարբերաբար միջոցառումներ է իրականացնում հանրապետության զորամասերում: Մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված հերթական նախաձեռնությամբ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և Մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի աշխատակիցներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Առաջինից երրորդ կուսերի կուրսանտների, նաև դասախոսական կազմի համար «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Նա խոսել է հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին: Հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավարը լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել է Մեծամորի, նաև հանրապետության այլ հուշարձանների տարածքներում իրականացված աշխատանքները, պատմել` հայտնաբերված հետաքրքիր գտածոների մասին:

Ռազմական համալսարանի ուսանողները հուշարձանների պահպանությանն ու  իրավախախտումներին առնչվող հարցեր են ուղղել ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին:

«Հուշարձանների պահպանությունը, հոգատար ու սրտացավ վերաբերմունքը մեր մշակութային ժառանգության հանդեպ յուրաքանչյուրիս պարտքն է: Հուշարձանները մեր պատմության ու անցյալ յուրօրինակ «անձնագրերն» են: Վստահ եմ, որ հայրենիքի պաշտպանները, ապագա սպաները նաև մեր մշակույթի լավագույն պաշտպաններն են», -ասել է Ա. Փիլիպոսյանը:

«Ռազմական համալսարանի կուրսանտները պարբերաբար սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնում բուհին ամրակցված` Մայր Հայաստան, Հայկի արձան, Գայի արձան և Տորք անգեղ հուշարձանների տարածքներում: Այսօրինակ միջոցառումները նպատակաուղղված են ձեր գիտելիքների հարստացմանը: Մենք պարտավոր ենք ճանաչել, սիրել մեր մշակույթը և ունեցած անգնահատելի հարուստ ժառանգությունը փոխանցել հետագա սերունդներին», -իր խոսքում ասել է Ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանի խոսքով էլ կազմակերպությունը պատրաստ է բազմաբնույթ ծրագրերի շրջանակում առավել  հաճախ հանդիպել  բուհի ուսանողների հետ: Բուհի ուսանողական ու դասախոսական  կազմին տիկին Սարգսյանը հրավիրել է նոյեմբերի 29-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախանշված և Մխիթարյան միաբանության Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300  ամյակին նվիրված  «Ձայն տուր, ով կղզյակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որտեղ  ներկայացված կլինեն Վենետիկում Մխիթարյանների նախաձեռնությամբ տպագրված 15 անուն գրքեր, Քյոթահյայի հախճապակե իրեր, Մխիթարյաններին առնչվող այլ նյութեր, Երևանում գործող Մխիթարյան ճեմարանի տրամադրած լուսանկարները:

Նրանց  համար  ցուցադրվել է նաև միջնադարի  հայ  մշակույթի, կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական ու ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնի` Գլաձորի համալսարանի մասին պատմող «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը: Միջնադարյան այս գիտակրթական օրրանը ժամանակակիցներն անվանել են տարբեր կերպ. «Երկրոդ Աթենք պանծալի», «Գերահռչակ համալսարան», «մայրաքաղաք իմաստնության»:

Ռազմական համալսարանի ուսանողները ծանոթացել են այստեղ կրթություն ստացած  ու հետագա գործունեություն ծավալած ժամանակի հայ անվանի մտավորականների` Մոմիկ ճարտարապետի, Ներսես  Մշեցու, Եսայի Նշեցու, Հովհաննես Օրբելու, Հովհաննես Որոտնեցու և այլոց  կենսագրության հիշարժան դրվագներին: