«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի հետ համատեղ անցկացվել է «Բացահայտենք մարզի պատմամշակութային գանձերը» խորագրով ինտելեկտուալ մրցույթ։ Դպրոցի բարձր դասարանների աշակերտներից կազմված «Ավրորա» և «Նաիրի» թիմերի միջև մրցույթն անցկացվել է լեփ լեցուն դահլիճում. ներկա են եղել դպրոցի աշակերտներ, մանկավարժներ։ Երկու փուլով անցկացված մրցույթ-վիկտորինային ներկայացված է եղել 50 հարցաշար, բուռն պայքարի արդյունքում փոքր առավելությամբ հաղթել է «Նաիրի» թիմը:
Մասնակից թիմերին ողջունել և շնորհավորել է դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանը, ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Ա. Սեդրակյանը: Մրցույթի դադարներին ելույթ են ունեցել դպրոցի շնորհալի երեխաները։
ՊՄՊ ծառայության պետ Կամո Հակոբյանը Խ.Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի հետ երկար տարիների համագործակցության, ինչպես նաև արդյունավետ կազմակերպված միջոցառման համար ՊՈԱԿ-ի պատվոգիր է հանձնել կրթօջախին, իսկ տնօրենին և մասնակից թիմերին՝ շնորհակալագրեր։ Թիմերի ղեկավարները ստացել են Մեծամորի հնավայրի պեղումների, Գառնի հեթանոսական տաճարի մասին պատմող բրոշյուրներ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ ծալաթերթիկներ:
Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և երիտասարդ սերնդին հաճախակի ընդգրկել մշակութային արժեքների հանրահռչակմանն, իրազեկմանն ու պահպանությանն ուղղված միջոցառումներին: