Ի կատարումն ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությանը օրեր առաջ տրված հանձնարարականի, կազմակերպության ՊՄՊ մարզային ծառայությունների, մասնաճյուղ արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցները կամավորների հետ միասին ձեռնամուխ են եղել հուշարձանների պատերին, տանիքներին ու գմբեթներին աճած բուսածածկի հատուկ եղանակով մաքրմանը: Մասնավորապես` Շիրակի մարզային ծառայությունը Անիպեմզա համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկավարժների, Գյումրիի թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայողների, համայնքի բնակիչների ու այլ կամավորների հետ միասին, պահպանելով հուշարձանի անխաթարությունը, համապատասխան աշխատանքներ է իրականացրել բուսածածկույթով հարուստ` 5-րդ դարով թվագրվող Անիպեմզա համայնքի Երերույքի Տաճարի և Գուսանագյուղ համայնքում գտնվող ԵԱԶ, Հայրենյաց համայնքի Եկեղեցի «Կարմիր վանք», Բենիամին համայնքի ԵԱԶ, Հառիճ համայնքում գտնվող` Մատուռ /12-13դդ /, Խաչքար Միսակ Ճգնավորի, Տապանաքար Երեմիա երաժիշտի, Եկեղեցի Սբ. Հարություն հուշարձանների տարածքներից:
Մինչ աշխատանքները սկսելը` մարզային ծառայության պատասխանատուները կամավորական խմբերին անվտանգության վերաբերյալ անհարժեշտ հրահանգավորումներ են տվել:
Բուսածածկույթի հեռացման աշխատանքներից առաջ և հետո մարզային ծառայության աշխատակիցներն արձանագրել են հուշարձանների վիճակը: Նրանք դպրոցականներին նաև անհրաժեշտ տեղեկատվություն են տվել վերոնշյալ հուշարձանների մասին: Հուշարձանների մասին իրենց գիտելիքները հարստացրել են նաև ժամկետային զինծառայողները: Նրանց համար հուշարձանների պահպանությանը վերաբերող ճանաչողական բաց դաս է անցկացրել մարզային ծառայության պետը` անդրադառնալով հատկապես դրանց նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքին ու անխաթար պահպանությանը: Նա կարևորել է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունն ու համոզմունք հայտնել, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:
Մեր սահմանների անվտանգության երաշխավորները` զինծառայողները, նաև մշակութային ժառանգության պահապաններն են: Փաստն ապացուցելու կարիք չունի, քանի որ վերջինները մշտապես ակտիվ մասնակցում են հուշարձանների տարածքներում իրականացվող մաքրման, բարեկարգման աշխատանքներին: Նրանց աջակցութամբ ու մասնակցությամբ Գյումրի քաղաքի ուղղափառ Եկեղեցու տարածքից հեռացվել է բուսածածկույթը:
Եղանակային անբարենպաստ պայմանները` տեղացած առաջին ձյունը, չի խանգարել Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներին ևս բուսածածկույթից մաքրելու մարզի Ամբերդ, Ուշի համայնքում գտնվող Եկեղեցի ս. Աստվածածին, Տեղեր համայնքի` Վանական համալիր Տեղեր, Կարբի համայնքի` 11-13-րդ դարերով թվագրվող Եկեղեցի (Սողոյենց ժամ` ըստ տեղացիների անվանման), Ուջանի` Մատուռ ու ևս հինգ այլ հուշարձանները:
Մարզային ծառայությունների ու կամավորների աշխատանքները մյուս մարզերում ևս ընթացքի մեջ են: