ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, տեղակալներ` Նազենի Ղարիբյանի, Տիգրան Գալստյանի և Վահե Բուդումյանի ուղեկցությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում էր: Մշակույթի նախարարին ներկայացվել է արգելոց-թանգարանի գործունեությունը, նախանշվող ծրագրերը:
Մեծամոր հնավայրի տարածքում տևական ժամանակ պեղումներ է իրականացնում հայ-լեհական արշավախումբը: Շուտով լեհերը կժամանեն Հայաստան ու կվերսկսվեն այս տարվա աշխատանքները: Մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից ամեն տարի Հայաստան են գալիս նաև արտասահմանցի ուսանողներ: Այս տարի էլ նախատեսվում է նրանց մասնակցությունը հնագիտական աշխատանքներին: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչը ներկայացրել է հնագիտական արշավախմբի աշխատանքները, հայ և լեհ ուսանողների պատրաստած «Մեծամորի աստղադիտարան ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ պատմել արշավախմբի վերջին տարիների ձեռքբերումների մասին:
Արգելոց-թանգարանի վարիչը անդրադարձել է նաև «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագրին, ասելով, որ նպատակը` հնագիտության ոլորտի նկատմամբ դպրոցականների շրջանում սեր ու հետաքրքրութուն առաջացնելն է: Ժամանակավոր ցուցադրությունների սրահում Լիլիթ Մակունցին ներկայացվել է այս ծրագրի մանրամասները:
Ա. Զաքյանը տեղեկացրել է, որ հնագիտության բնագավառում գիտական նվաճումները հանրահռչակելու, հայ հնագետների գիտական ձեռքբերումները ներկայացնելու նպատակով արգելոց-թանգարանում նաև «Մեծամորյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով է անցկացվել: Նախատեսվում է Մեծամորի հնավայրին վերաբերող գիտական ու գիտահանրամատչելի աշխատություններն ամփոփող ժողովածու և ծալաթերթիկներ հրատարակել: Անգլերեն հրատարակությունը կվաճառվի նաև Լեհաստանում, ստացված հասույթն էլ` կուղղվի արգելոց-թանգարանի խնդիրների լուծմանը:
Առաջիկայում կհրատարակվի նաև 2017 թ. Մեծամորի հնավայրի պեղումների արդյունքներն ամփոփող հանրամատչելի ձեռնարկը: Տեխնիկական հրատարակությունը կտրամադրվի հստակ ուղղվածություն ունեցող հաստատությունների գրադարաններին: Իսկ գիտահանրամատչելի տարբերակը /լեհերն ու անգլերեն լեզուներով/ կուղղվի սպառման ավելի լայն շուկա:
Լիլիթ Մակունցը և նրան ուղեկցող անձինք, որոնց թվում էին նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը, շրջել են արգելոց-թանգարանի տարածքում` ծանոթացել ցուցադրությանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը նախարար Մակունցին ներկայացրել են ամենակարևոր խնդիրը` ճանապարհի բարեկարգումը: Ա. Թարվերդյանը նշել է, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշները դիտելու է եկել ընդամենը 700 այցելու: ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ ճանապարհի բարեկարգման ու որոշ ենթակառուցվածքների զարգացման դեպքում պատկերն էապես կփոխվի: Մեծամորը տոմսային տնտեսության է անցել վերջերս, արժեքն էլ` սիմվոլիկ է: Արա Թարվերդյանի համոզմամբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի խնդիրը լուծել:
Ամփոփելով այցը ՀՀ մշակույթի նարարար Լիլիթ Մակունցը նշել է, որ «Մեծամոր»-ը հիանալի թանգարան է և պետք է զարգացնել ներքին ու արտաքին տուրիզմը: Նախարարը նաև անդրադարձել է աշխատանքային պայմանների բարելավմանը: Լիլիթ Մակունցի խոսքով այցելուն պետք է կարողանա արգելոց-թանգարանից իր հետ որևէ հուշանվեր տանել: Հետևաբար` անհրաժեշտ է զարգացնել այդ ուղղությունը:
Արգելոց-թանգարանում ներկայացված ցուցանմուշների պատկերներով հուշանվերներ պատրաստելու էսքիզները ՊՈԱԿ-ում մշակվում են: Պատրաստ լինելուն պես ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը փաթեթը կներկայացնի ՀՀ մշակույթի նախարարին: