ՀԲԸՄ Հայաստանի պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Թանգարանային էքսպո 2018թ.» ցուցադրության բացումը: Ներկայացված 34 թանգարանները առաջիկա օրերին հնարավորություն կունենան հետաքրքիր ու կրթական ծրագրերով ներկայանալ այցելուներին: Առանձին տաղավարով է ներկայացել նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, նաև` ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Ներկայացված տաղավարների շարքում են` Ջիվանու տուն-թանգարանը / Ջավախք/, Արցախի Հանրապետության չորս թանգարանները` «Նիկոլ Դուման» , «Արցախի Պետական պատմաերկրագիտական», «Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոց», «Շուշի քաղաքի թանգարան» ՊՈԱԿ-ը, նաև`Երևանի ու մարզերի թանգարաններ:
Միջոցառման նպատակը զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցության սերտացումն է, տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների համար բազմաբովանդակ ծրագրերի և հնարավորությունների ներկայացումը։
Կազմակերպիչների խոսքով թանգարանների կրթական ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով «Թանգարանային էքսպո 2018» ցուցադրությանը կհյուրընկալվեն նաև հանրապետության տարբեր մարզերի դպրոցականներ:
Ցուցադրության պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, այլք: Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված նյութերին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տաղավարում ցուցադրված նյութերը /հրատակարություններ, ծալաթերթեր/ ևս ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարին:
Ի դեպ, ՊՈԱԿ-ի աշխատակիցները ցուցարդրության ընթացքում կրել են ՊՈԱԿ-ի տարբերանշանով և «Ի գործ ապագայի» կարգախոսով շարֆեր:
«Թանգարանային էքսպո 2018թ.» ցուցադրության բացմանը նախորդել էր հանրային համաժողովի բացում, որի ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են թանգարանների դերի բարձրացումը, շեշտել թանգարանների աշխատակիցների նվիրումը գործին:
ՀՀ մշակույթի նախարարի խոսքով վկան` աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացված ցուցադրությունն է /ներկայացվել են Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներ/:
Թանգարան-համայնք կապի ակտիվացման ու թանգարանը օտարերկրացիների համար առավել գրավիչ դարձնելու մասին է խոսել Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Թանգարանը մեր ինքնության ամենամեծ գրավականն է, այն կարող է դառնալ քաղաքի այցեքարտը: Մենք այդ ուղղությամբ հստակ աշխատանքեր ենք իրականացնում», -ասել է Լ. Հովհաննիսյանը:
Համաժողովի մասնակիցները, որոնց թվում նաև արտերկրից ժամանած փորձագետներ են, ներկայացրել են ժամանակակից ու հետաքրքիր ծրագրերով այցելուներին հյուրընկալելու իրենց մոտեցումները:
Հ. Գ. Նշենք, որ ՀԲԸՄ, ԻԿՕՄ Հայաստան, ՀՀ մշակույթի նախարարություն, USAID և այլ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնած «Թանգարանային էքսպո 2018 թ.» ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 14-ը:
Միջոցառումը համընկել է Թանգարանների աշխատակիցների և բարեկամների ասոցիացիայի կազմավորման 15 և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակներին: