«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի, ՊՄՊ Երևանի մարզային ծառայության համատեղ նախաձեռնությամբ Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 միջնակարգ դպրոցում անցկացվել է «Մեր քաղաքի մշակութային հետքերով» խորագրով վիկտորինա-մրցույթ։
Մինչև մեկնարկը ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը դպորցականներին ներկայացրել է «Հուշարձանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, խոսել հուշարձանների պահպանության բարդ ու պատասխանատու առաքելությունից, անդրադարձել` Երևանի հուշարձանների առանձնահատկություններին։
Ութերորդ և իններոդ դասարանների աշակերտներից կազմված երեք թիմերի՝ «Երևան», «Էրիվան» և «Էրեբունի», միջև մրցույթն անցկացվել է չորս փուլով՝ «Թվերի լաբիրինթոս», «Ի՞նչ են պատմում մեզ ավանդապատումները», «Ո՞վ է, ի՞նչ է» և «Բլից հարցեր»։ Վիկտորինա-մրցույթի ընթացքում թիմերը պատասխանել են Երևանի պատմությանը, հուշարձաններին և տարբեր ավանդապատումներին վերաբերող 69 հարցի, որոնց ճիշտ պատասխանելու համար նախապես պատրաստվելու հնարավորություն են ունեցել։
Վիտորինա-մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Երևանի ՊՄՊ մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը, ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի մասնագետ Էլմիրա Եսայանը , թիվ 188 դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանը, տեղակալ Նարինե Բասոյանը։ Նրանք արձանագրել են, որ երեք թիմերն էլ բավականին ակտիվ են եղել և հիմնականում ճիշտ են պատասխանել հարցերին։ Սակայն առավել պատրաստված է եղել «Երևան» թիմը։
Մինչ ժյուրին կորոշեր թե նրանցից ով է առավել ճշգրիտ պատասխանել հարցերին, դպրոցականները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:
Բոլոր մասնակիցները ՊՈԱԿ-ից ստացել են հուշանվերներ՝ հուշարձանների վերաբերյալ գլուխկոտրուկներ, իսկ դպրոցը որպես նվեր ստացել է ՊՈԱԿ-ի տպագրած «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները», «Գորգերի և կարպետների հավաքածու», «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների կատալոգ» գրքերը։