Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացվում է թշնամու կողմից։ Վանդալիզմի դեպքերը միջազգային հանրությանը ներկայացնելու ու հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նկատառումով, Երևանում անցկացվել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը։ Այն համընկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների մշակույթի ոլորտի, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ, հոգևորականներ, հուշարձանագեռներ, փորձագետներ։
«Համաժողովն անցկացվում է հստակ նպատակադրումով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը՝ մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։ Մեծ է կորուստների և արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը՝ քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը, որոնք քաղաքակրթական և արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել», – բացման խոսքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով, մեր խնդիրը դիմակայության մեխանիզմների մշակումն է և այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների պլան, որին մասնակցում են գիտական և հասարակական կառույցներ, գերատեսչություններ: Ըստ Վ․ Դումանյանի, արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը:
Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն էլ նշել է, որ վտանգված է 13 վանական համալիրի, 52 ամրոցի, 122 եկեղեցու, 523 խաչքարի և 4 մատուռի ճակատագիր: Նրա խոսքով, Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, Շուշիի Պատմության թանգարանը, Երկրաբանական պետական թանգարանը, Կերպարվեստի պետական թանգարանը, Գորգերի թանգարանը, Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը անցել են թշնամու վերահսկողության տակ, իսկ Հունոտի կիրճը դեռ չեզոք գոտում է:
«Այսօր սկսվել է երկրորդ Եղեռնը. Եղեռն` Եղեռնից հետո։ Մենք տարբեր ճանապարհներով՝ խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք կանխել դա, բայց դեռ չկան սաստող այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանին ստիպեն կանգ առնել»,-ասել է Լ․ Ղարախանյանը։
Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումներին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորյա Իսահակյանը խոսել է ինքնակամ (ապօրինի) շինարարությունների, գանձագողությունների, գանձախուզությունների, վանդալիզմի դեպքերի մասին։
Նրա խոսքով իրավախախտումների փաստերով, ՊՈԱԿ-ը դիմում է ոստիկանություն,սակայն, խնդիրը այդ դեպքերը կանխելը, նվազեցնելն ու բացառելն է։ Նա կարևորել է հասարակության տեղեկացվածության բարձրացումը, արժեհամակարգի ձևավորումը։ Անդրադարձ է եղել նաև ապօրինի հուղարկավորություններին, նշվել է, որ պատճառը՝ համայնքների հողային ֆոնդի սղությունն է, ընտանեկան գերեզմանների առկայությունը հուշարձանի տարածքում և այլն։
Համաժողովից հետո, երեկոյան, Սուրբ Աննա Կաթողիկե եկեղեցու բակում կայացել է համերգ / հանդես են եկել «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը/։ Ավարտին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից պատմամշակութային ժառանգության տեղափոխման աշխատանքներին աջակցելու և կամավորական սկզբունքով մասնակցելու համար շնորհակալագրեր են հանձնվել նախարարության տարբեր ստորաբաժանումներին, այդ թվում նաև՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին։