Այս վանքը Վայոց ձորի հնագույն հուշարձաններից է: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայության, այն հիմնադրվել է 936 թվ., սյունյաց գահերեց իշխան Սմբատի և եպիսկոպոսի կողմից: Ըստ պատմագրի հուշարձանը գտնվել է Եղեգիս ավանից դեպի վեր, գետափի մոտ, ժայռաձև լեռների ստորոտում՝ մի բարձրավանդակի վրա, որը կոչվել է Քարևան:
Վանքում կառուցված առաջին եկեղեցին գմբեթավոր է եղել։ Այն կոչվել է Ս. Գրիգոր Լուսավորչի անունով:
Սմբատի ամուսին Սոփիա տիկինը գնել և վանքին է նվիրել Հավու գյուղը, այգիներ ու ծաղկանոցներ Եղեգիս ավանում:
Հերմոնի վանքի մշակութային ծաղկման շրջանը, սակայն վերաբերվում է XIV-XV դարերին: 1338թ. Գլաձորի նշանավոր համալսարանի գործունեության խափանումից հետո, այստեղ է հաստատվում Եսայի Նչեցու աշակերտ և օգնական տիրատուր Վարդապետը և հիմք դնում մի նոր դպրոցի, որը դառնում է փաստորեն Գլաձորի մշակութային գործի շարունակողը Վայոց ձորում: Այս դպրոցն իր գործունեությունը շարունակեց Տիրատուրի մահվանից հետո (մոտ.1372թ.), մինչև XV դարի վերջերը: Դպրոցը պատրաստեց նշանավոր մտավորականներ, գրիչներ, նկարիչներ: Հայտնի են Հերմոնի վանքում գրված 26 ձեռագիր մատյանները:
Նյութի աղբյուրը Սեդրակ Բարխուդարյան
Դիվան հայ վիմագրության, պրակ III