Հունիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կրկին մարդաշատ էր, առիթը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված Տոլմայի Համահայկական 11-րդ փառատոնն էր,որն արդեն երրորդ տարին է ինչ անց է կացվում արգելոց-թանգարանի տարածքում:
Հայկական մշակույթը դարեր շարունակ պայքար է մղել գոյատևելու համար, փառատոնի նպատակն էր՝ պահպանելու, տարածելու հայկական ավանդական կերակրատեսակը:
Միջոցառմանն այս անգամ մասնակցել է 27 կազմակերպություն, որից 22-ն են ներկայացրել տոլմայի ամենատարբեր տեսակներ: Մյուս տաղավարներում ներկայացված էին հայկական ավանդական քաղցարվենիքներ՝ գաթա, փախլավա, սուջուխ, ինչպես նաև խմիչքներ:
Տաղավարներն աչքի էին ընկնում գեղեցիկ ձևավորմամբ և մատուցմամբ:
Ուշագրավ էր Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ցուցադրությունը՝ տոլմա հայկական ամենահայտնի գորգի՝ «Վիշապագորգի» դիզայնով:
Կային տաղավարներ, որտեղ անց էին կացվում վարպետաց դասեր՝ կավագործությունից,դեկորատիվ կիրառական արվեստից: Թղթի թափոններից պատրաստում էին նոր թղթե կոմպոզիցիաներ, ցուցադրված էին նաև արծաթյա զարդեր:
Այս փառատոնին ներկայացվել է մոտ 70 տեսակի տոլմա պատրաստված՝ բլղուրով և հորթի մսով, հավով և բրնձով, կաղամբով և հորթի մսով, հաճարով և հորթի մսով, գառան մսով, ամառային տոլմա, կանեփով տոլմա, բանջարեղենով լցոնած տոլմա և այլն:
Ցուցադրված էր ամենաերկար տոլման, որն այս տարի 193մ էր:
Փառատոնը կրում էր մրցութային բնույթ: Ժյուրիի անդամները պետք է որոշեին մրցույթի հաղթողներին, կար նաև այցելուների կողմից ճանաչված՝ «լավագույն համ» մրցանակը:
Հաղթող անվանակարգերն էին՝ «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահաղացում»: Ինչպես ներկայացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, այդ անվանակարգերում «բացարձակ հաղթող» մրցանակը ստացավ «Գառնի տուն» ռեստորանը:
Փառատոնն ուղեկցվում էր որակյալ երաժշտությամբ, ազգային երգ ու պարով:
Միջոցառման երաժշատական մասն ապահվում էին՝«Ալեքսանդրապոլ Օրկեստրա» նվագախումբը, Գոռ Սուջյանը, «Տարոնցիներ» պարային համույթը,Միքայել Ոսկանյանը, Էրիկ Կարապետյանը, մարզային պարային խմբեր: