Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

2022-08-05T11:32:08+00:00 02/08/2022|Լրահոս|

Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս  գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանին գտնվող Քանագեղի բնակատեղին ու դամբարանադաշտը վաղուց հայտնի են մասնագետներին: 1960-ական թթ. այստեղ չափագրման աշխատանքներ է իրականացրել հնագետ Գեդեոն Միքայելյանը, իսկ 1981 թ. մայրուղու շինարարության ժամանակ բացված 2 դամբարաններ պեղել է հնագետ Գրիգոր Արեշյանը: Դամբարանադաշտը զբաղեցնում է մի-քանի տասնյակ հեկտար տարածք, որի զգալի մասը 1980-ական թթ. մելիորացիոն աշխատանքների արդյունքում զրկվել է արտաքին հատկանիշներից: Հնավայրում պեղումները շարունակվել են 1999-2002 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան):

Արշավախմբի ղեկավար, գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով․ «Պեղված 9 դամբարանները քարաշար կրոմլեխներով քարարկղային դամբանախցեր են, անհատական և խմբային թաղումներով: Հայտնաբերված հնագիտական նյութերը բազմազան են և վերաբերում են մ.թ.ա. XV-IX դդ.: Լավ պահպանվել է նաև հնամարդաբանական և հնակենդանաբանական նյութը:  Այս ժամանակահատվածում պեղված գտածոների մեջ առանձնանում է զարդերի ձուլման երկփեղք կաղապարը, որով այսօր էլ հնարավոր է 7 տեսակի պերճանքի առարկաներ պատրաստել»:

 

Արշավախմբի կազմը

Դամբարանի տեսքը վերևից

Վերջին պեղումներից շուրջ 20 տարի անց, 2021 թ. մայիսին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները հնավայրի տարածքում արձանագրեցին գանձախուզության փաստ: Կազմվեցին համապատասխան փաստաթղթեր և գործը հանձնվեց ոստիկանություն: Գանձախույզները տեխնիկայի օգնությամբ հեռացրել էին դամբանաթմբի մի մասը և մասամբ տեղաշարժել ծածկասալերը: Ավելի անել նրանց չեր հաջողվել: Վնասված հուշարձանը հրատապ պեղելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հատկացված ենթակառուցվածքի պահպանման և զարգացման գիտական ծրագրի միջոցներից առանձնացվեց գումար և թանգարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից ստեղծվեց հնագիտական արշավախումբ (ղեկավար՝ հնագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան, անդամներ. հմնամարդաբաններ՝ պ.գ.թ. Ռուզան Մկրտչյան, Հասմիկ Սիմոնյան, հնագետ՝ պ.գ.թ. Բեն Վարդանյան, վերականգնող՝ Տիգրան Զաքյան, հնագետ Լուսինե Ալեքսանյան, Ճարտարապետ՝ Արտակ Հախվերդյան), որը 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և 2022 թ. հուլիս ամիսներին իրականացրեց դրա պեղման աշխատանքները։

Աշոտ Փիլիպոսյանը նշում է․ «պեղման ընթացքում բացվեցին մոտ 15,0 մ տրամագծով քարաշար կրոմլեխը և նրա կենտրոնում տեղակայված 2 դամբանախցերը: Դրանք խմբային թաղումներ են պարունակում և, ըստ նախնական հետազոտման արդյունքների, վերաբերում են մ.թ.ա. XV/XIV – մ.թ.ա. III/II դդ.: Հայտնաբերվել է հարուստ հնագիտական և հնամարդաբանական նյութ: Երկու դամբանախցերից միասին պեղվել են շուրջ 25 անհատների բավական լավ պահպանված կմախքներ, բրոնզե ճակատակալներ, թռչունների ցանցկեն բրոնզե արձանիկներ, ապարանջաններ, մատանիներ, ուլունքաշարեր, խեցեղենի բեկորներ, ծովախեցիներ և այլն։  Նյութերն արդեն մաքրվում են, վերականգնվում, ամրակայվում ու մշակվում»:

անատոմիական լրակազմով պահպանված կանոնավոր թաղում, ստորին շերտ

Բրոնզից թռչնաձև կախիկ, ապարանջան, ուլունքահատիկներ և մարդաբանական անկանոն իրավիճակներ

Բրոնզից կոճակ, ուլունքներ, խխունջից կախիկներ

խցի արևմտյան պատի տակ անկանոն ոսկրաբանական նյութերը

Հաջորդ փուլը կլինի դրանց հրապարակումը: