ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը Մեծամոր հնավայրում 2022 թ․ սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ:
Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 23 դամբարանում: Այն անխաթար վիճակում պահպանված դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել են ոչ մեծ քարերից շարված դամբարանախուցը (2.50 x 2.10 մ) արևելք-արևմուտք կողնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին, կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից վերին կմախքը ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ, ինչի արդյունքում անհատների փափուկ հյուսվածքների փտման արդյունքում ոսկրաբանական նյութը հայտնվել էր խեցանոթների վրա: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով: Հանգուցյալների պարանոցի և կրծքավանդակի շրջանում բացվել են ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներ, բաժանարարներ, կախազարդեր: Անհատներից մեկի (կմախք № 1) նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարնջաններ, որովայնի հատվածում անագից ճարմանդներ:
Մյուս՝ N 2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք տղամարդ ու կին են: Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս այն թվագրել մ.թ.ա. II հազ. վերջին քառորդով։
Մեծամոր հնավայրում պեղումները իրականացնում է հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ): Հնագիտական աշխատանքներն իրականացվում են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում: