Սանահին և Հաղպատ վանքերի միջև ընկած տարածքում մասնակիորեն պահպանվել է միջնադարյան Հայաստանի կարևոր նշանակաություն ունեցող հենակետ-դիտակետ ամրոցներից մեկը՝ Կայան ամրոցը։
Իր բարձր դիրքի շնորհիվ հսկող դիրք ունի շրջակա միջավայրի նկատմամբ: Ըստ պատմական աղբյուրների՝ Դավիթ Անհողին թագավորը տիրելով Լոռիին՝ մի շարք բերդերի շարքում կառուցում է նաև հզոր ամրոց Կայանբերդը, որը XII դարից դառնում է Կյուրիկյան Բագրատունիների ամուր պաշտպանական հենակետերից մեկը:
Կայանբերդը հայտնի է տարբեր անուներով, առավել հայտնի է Կայան, Աղջկաբերդ, Ամրոց Հաղպատի Ս. Նշանի, Աշոտ Երկաթի բերդ , Դսևանք, Տեսևանց և այլն: Գտնվում է Թումանյանի համայնքի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, Հաղպատ գյուղից 2 կմ արևմուտք, երկու կիրճերով կազմված անառիկ հրվանդանի վրա:
Կայանբերդը կոչվել է այստեղ գտնվող Դսևանք կամ Դրսևանք եկեղեցու (վանքի) անունով: Ժողովրդական ստուգաբանությամբ «դրսի վանք»:
Ըստ շինարարական արձանագրության՝ 1233թ վերակառուցել է Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին՝ Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը:
Շրջապատված է բուրգերով ու աշտարակավոր ամուր պարիսպներով: Բուրգերն ունեն ներքին տարածություն, պաշտպանական նկատառումներից ելնելով պատերում թողել են բացվածքներ: Մուտքը հարավից է, կամարակապ դարպասով: Այստեղից Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա XIII դ. կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով:
Երկու մասից բաղկացած ամրոցը ունի 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, լայնությունը չի անցնում 20 մետրից: Հիմնականը հարավայինն է ՝ հյուսիսային մասից բաժանված առանձին պարսպով, որն ունի սրահավոր թաղակապ դարպաս: Դերբենդի կիրճի եզրին տեղադրված Հյուսիսային մասը մոտ 1,5 անգամ պակաս է հարավայինից, ունեցել է առանձին մուտք արևմտյան կողմից: Բերդի ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, կավե թրծված խողովակներ: Ամրոցում գտնվող Դսեվանքի Ս․ Աստվածածին փոքրիկ եկեղեցին, 1827 թ․ երկրաշարժից կործանվել էր և նորից վերականգնվել է 1836թ․:
Ըստ ավանդության՝ բավական հեռու տարածությունից խողովակներով ջուր են բերել այս բերդ: Կայանն իր եկեղեցով տեղացիները անվանել են «Տեսևանց», որն ըստ ժողովրդական ստուգաբանության երկու տարբերակ ունի. Համաձայն առաջինի նշանակում է «Դրսևանք», այսինքն՝ Հաղպատից դուրս գտնվող վանք, ըստ երկրորդի՝ «Տեսևանցը»-ը «Տես և անց» բառերի աղավաղումն է, և բերդն այդպես է կոչվել անմատույց լինելու պատճառով:
Վտանգի դեպքում սովորաբար Կայան բերդում էին պահվում Հաղպատի վանքի ամբողջ հարստությունը: Այստեղ էին ապաստանում ոչ միայն իշխանական տները, Հաղպատի միաբանությունը, այլև գյուղացիության մեծ մասը: Բերդը կարևոր պաշտպանական դերակատարություն է ունեցել մոնղոլական արշավանքների ժամանակ և ավերվել 1241թ.: