- Ի՞նչ եք ուզում, որ պատմեմ, հենց էս պահին էլ և Ձեր հարցերին եմ պատասխանում և զուգահեռ շրջայցի եմ։
Շրջայցի դուրս եկած պահապանը Վայոց ձորի հուշարձանների պահապան Համլետ Եղիազարյանն է՝ Վայքի պատմական միջավայրի պահպանության գիտակն ու խնամատարը։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
- Հուշարձանների պահպանության Վայոց ձորի ծառայությունում 2001 թ․- ից եմ, ընդունվել եմ որպես մարզի տարածքային համակարգող։ Մինչև այդ շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո, ընդունվել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետ, սակայն հանգամանքների բերումով վերջին կուրսում կիսատ թողեցի ուսումս, այդպես էլ չստանալով դիպլոմը:
Առանց պատմաբանի դիպլոմի, բայց մեծ նվիրումով ու փորձով՝ հորից ժառանգած գիտելիքներով Համլետ Եղիազարյանը արդեն քառորդ դար հսկում-պահպանում է տարածաշրջանի 16 գյուղերի հնամենի հուշարձանները։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
- Բոլոր հուշարձաններն էլ ինձ համար սիրելի ու կարևոր են, նույն նվիրվածությամբ եմ շրջայցի գնում, ուսումնասիրում, հո՞ փոփոխության չեն ենթարկվել օրինակ հորդառատ անձրևներից կամ ձյան հալոցքից, բայց իմ սրտի մեջ մի տեսակ բույն դրած ուրիշ «սեր» կա, դա իմ ծննդավայր Մարտիրոս գյուղի Սրբ․ Աստվածածին վիմափոր եկեղեցին է։
Եկեղեցիներ, վանքեր, դամբարաններ ու գյուղատեղիներ,,, այսպես բազմաթիվ են հնագիտական հուշարձանները։ Վայոց ձորում հաշվառված 2800 հուշարձանից 1400 – ը Վայքի տարածաշրջանում է, մեծ մասը դժվարամատչելի հատվածներում օրինակ Հորադիզի, Խնձորուտի, Մարտիրոսի հուշարձանները։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
- Ամեն մեկը մի սարի վրայա, մի ձորում կամ հեռու անտառում։ Տեղեր կան, որ անգամ ամենագնաց մեքենան չի բարձրանում, ոտքով կամ ձիով եմ գնում։
Ոտքով երկար սար ու ձոր անցնելուց հետո պահապան Համլետը հաշվել է իր ու գործընկեր պահապանների շրջայցի հետագիծը․ եթե մի պահապանը միջինում յոթ գյուղի վարչական տարածքի հուշարձաններ է հսկում, դա նույնն է, թե ոտքով օրինակ Սոչի է հասնում։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
- Տարիների ընթացքում աշխատանքիս անունը շատ է փոխվել՝ պահակ, տեսուչ, պահապան, սակայն բովանդակությունը դրանից չի փոխվել ՝ «Հուշարձանի պահապան»,- լավ է հնչում չէ, կասե՞ք էլ ո՞ւմ աշխատանքն է էսքան կարևոր, անունը՝ համահունչ։ Ես էլ հորս պես սիրով ու խնամքով կատարում եմ աշխատաքս:
Վայոց ձորի ամեն քար ու խաչքար ճանաչող պահապանին հեռակա զրույցը տանում, հասցնում է Խնձորուտ գյուղում գտնվող Օղբին գյուղատեղին։ 17-րդ դարով թվագրվող վիմափոր եկեղեցին շուրջ 20 տարի առեղծված է պահում իր մեջ։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
- 20 տարի շարունակ, տարվա ընթացքում մի քանի անգամ, շրջայց ենք իրականացնում Օղբինի տարածքում, երբ մտնում եմ եկեղեցի լսում եմ օձի ֆշշոց հիշեցնող ձայնը, որն այս տարիների ընթացքում չի փոխվել: Նույն ձայնն է, թե՛ դրսում է, թե՛ ներսում։ Ամեն անգամ մտնում եմ ուսումնասիրում է նոր մյուսների թույլ եմ տալիս ներս մտնել։ Ձայնը լսվում է սակայն կենդանի ոչինչ չի երևում, կարծես վանքի անտեսանելի պահապանը լինի։
Որպես հուշարձանի պահապան ես մենակ չեմ ասում է Համլետ Եղիազարյանը․ զավակները, թոռներն ու հարսները ևս հսկում-պահպանում են պատմական միջավայրը։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
- Կարելիա ասել ամբողջ ընտանիքով, ամբողջ ազգ ու տակով ենք հուշարձանի պահապան։ Հաճախ սեփական ուսումնասիրություններ եմ անում, պատմական գրքեր ու գրականություն կարդում, համեմատում տարբեր աղբյուրներում ներկայացված փաստերն ու եզրահանգումներով կիսվում զավակներիս հետ, որպեսզի իրենք էլ հետո իրենց երեխաներին պատմեն։
14 թոռնիկի հետ սեղան նստող Համլետ Եղիազարյանի ընտանիքը, վստահաբար կարելի է ասել, լավագույն օրինակներից է, թե ինչպես է պետք է սիրել սեփական երկիրը՝ ճանաչել, պահպանել ու ժառանգել մեզ վստահված պատմության ժառանգությունը։