Քայլարշավ Տավուշի մարզում

Քայլարշավ Տավուշի մարզում

Տավուշի անտառապատ վանքի լռությունը խախտվել է ազգագրական պարով, երգ ու ասմունքով։

Պատմական միջավայրի պահպանության   Տավուշի մարզային ծառայության  և «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությմաբ  Հայաստանի տարբեր անկյուններից մի խումբ   երիտասարդներ  համախմբվել են Նոյեմբերյան համայնքում։

ՊՄՊ  Տավուշի մարզային ծառայության աշխատակից  Սուրեն Գուլքանյանի ուղեկցությամբ արշավականները   քայլերթով   հասել են   Կողբ գյուղից 3 կմ հարավ, բարձրադիր սարահարթի վրա գտնվող Մշկավանք  վանական համալիր։

Հուշարձանի պահապանը  ուխտի մասնակիցներին ծանոթացրել  է  Մշկավանքի հարուստ պատմությանը, խոսել  հուշարձանապահպանության կարևոր առաքելության մասին, ներկայացրել  նաև մարզի այլ  հուշարձանների «կենսագրությունն»  ու պատմական նշանակությունը։

Հուշարձանը թվագրվում  է XII-XIII դդ.: Վանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ըստ XIII դ. պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության,  մինչև 1219 թ. երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր: Համալիրից պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու խցերը և հին գերեզմանատունը: Կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով:

Հուշարձանը նորոգվել է 1955-60 թթ. ճարտարապետներ՝ Հ. Հակոբյանի և Յու. Թամանյանի նախագծերով։