Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք

Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք

Մորո Ձորոյի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է VII դ․:  Ենթադրվում է, որ ավերվել է արաբական արշավանքների ժամանակ ու վերակառուցվել է XII-XIII դ.:

Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով:

Առավել արժեքավոր ու պատմական նշանակություն ունեցողը վրաց  Գեորգի թագավորի (1156-1184թթ.) արձանագրությունն է,  որում նա հայտնում է եկեղեցին բոլոր հարկերից ազատելու և նոր կալվածքներ նվիրելու մասին:

Կան նաև սպասավորների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ:

Ս. Աստվածածին եկեղեցին խաչաձև հատակագիծ ունեցող, քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Հավասարաչափ խորանները ներսից պայտաձև են, արտաքուստ` կիսաշրջանաձև, բացառությամբ հարավայինի, որը ուղղանկյուն է:

Միակ մուտքը հարավային կողմում է: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը վերակառուցվել են սրբատաշ բազալտով: 1197 և 1213 թթ. իշխաններ Իվանե և Զաքարե Զաքարյանները նորոգել են վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը:

 

Վանքի շուրջը տարածվում է պատմական Ծռվիզ ավերակ գյուղատեղին, որտեղ հետագայում հիմնվել է Նոր Ծռվիզ գյուղը: Եկեղեցու շուրջը տարածված են խաչարձաններ ու գերեզմանաքարեր: