Միջնադարյան Հայաստանում, քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ, ընդարձակվում և բարեկարգվում էին ճանապարհները, իսկ նախատեսված կայանատեղիներում կառուցվում իջևանատներ, քարավանատներ, օտարանոցներ, պանդոկներ: Նմանօրինակ կառույցների համապատկերում իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ուներ Օրբելյանների քարավանատունը, որը միջնադարյան Հայաստանի նմանատիպ այլ հուշարձանների համեմատությամբ թերևս ամենալավ պահպանված կառույցն է: Այն գտնվում է «Մետաքսի ճանապարհի» Դվին-Պարտավ ճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում։
Քարավանատան կառուցման ժամանակը վկայված է շինարարական երկու արձանագրություններում։ Հիմնական մուտքի ճակատաքարի վրա գրված է մի ընդարձակ արձանագրություն, որից պարզ է դառնում, որ հայոց ՉՁԱ (781+551=1332) թվականին իշխանաց իշխան Չեսար Օրբելյանը և իր կին Խորիշահը իրենց ծնողների և որդիների հոգիների փրկության համար կառուցել են այս ինքնատիպ շինությունը: Երկրորդ արձանագրության համաձայն՝ քարավանատան կառուցման թիվը ստացվում է 1326-1337 թթ․, որը կարող է համապատասխանել ճակատի շինարարության ավարտելու թվականին։
Քարավանատան ճակատային մասի ձախ կողմում քանդակված է առյուծ, որի պոչը կապ տված է, մեջքի կողմով թեքված դեպի գլուխը, իսկ աջ կողմում՝ ցուլ է պատկերված:
Քարավանատունը կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով, բաղկացած է երեք սրահներից: Ներսի լուսավորությունն ապահովում են միջնակամարի առաստաղի մեջ բացված երեք լայն երդիկները: Մեկ երդիկ էլ կա նախասրահում կամ առաջին դահլիճում: Քարավանատան առաստաղը բաղկացած է երեք լայնական կամարներից, որոնցից մեջտեղինը բարձր է, մյուս երկուսը` ցածր: Դահլիճի երկու կողմից ձգվում են 8-ական միաչափ հեռավորությամբ կրապատ, քառանկյունի սյուներ: Սյուների արանքում ագուցված է 16 քարե նավակ` իբրև ձիերի մսուրք: Տանիքը վերևից ծածկված է լայն, սրբատաշ, միմյանց ագուցված սալերով, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է 2 մետրի:
Քարավանատունը ամրակայվել և վերականգնվել է 1956-59 թթ., իսկ 2012 թ․ հուշարձանի տարածքում իրականացվել են մասնակի պեղման աշխատանքներ։