ՀԱՎՈՒՑ ԹԱՌԻ ՎԱՆՔ
Կոտայքի մարզ
պետ. ցուցիչ` 3.99.4.3
Հավուց թառի վանքը միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից է: Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից արևելք` Ազատ գետի բարձրադիր ձախ ափին, լեռնաճյուղի գագաթին, Գողթ գյուղի դիմաց: Համալիրը բաղկացած է իրարից 100, 200 և անգամ 500 մետր հեռու գտնվող երկու հիմնական և հարակից հուշարձանախմբերից: Հավուց թառի համալիրի գլխավոր եկեղեցիների անունները թեև հայտնի են մատենագիտական աղբյուրներից, սակայն բուն հուշարձանախմբում դրանց տեղը դեռևս հստակ որոշված չէ:
Առաջին հուշարձանախումբը գլխավորը պարիսպներով շրջափակված հատվածն է, որի ներսում մի քանի շինություններ կան: 1679 թ. երկրաշարժից այս հատվածը շատ է տուժել, և կաթողիկոս Աստվածատուր Համադանեցին /1715-1725/ նախաձեռնել է ավերված հին եկեղեցու և գավթի քարերով նույն տեղում մի նոր եկեղեցի կառուցել /1721/: Հնագույն եկեղեցու ավերակներն անհետացել են գետնի երեսից, իսկ այն, ինչ մնացել է, ժամանակի ընթացքում ծածկվել է հողի շերտով: Պահպանվել է միայն Քեղվա բերդի Գևորգ իշխանի կառուցած Կաթողիկեի հարավային պատը, որքանով դա պատակից է մեկ այլ կառույցի: Կարելի է եզրակացնել, որ Կաթողիկե եկեղեցու հիմքերը գտնվում են ժամատան արևելյան կողմում: Գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառույցի շինարարությունը չի ավարտվել: Այս եկեղեցու հարավային կողմում նախկին քառամույթ ժամատան մի հատվածն է` մեկ զույգ մույթերով: Սրանից հյուսիսարևելք մի փոքր պատակից կառույց կա, որի նշանակությունն անորոշ է /ենթադրաբար համարել են դամբարան կամ զանգակատուն/: Իսկ պարիսպներին կից, հարավարևելքում կառուցված է ընդարձակ սեղանատուն, հյուսիսարևելքում` վանական խցեր:
>Երկրորդ հուշարձանախումբը գլխավոր համալիրի արևմտյան կողմում է, բլրի վրա, կենտրոնում ունի 13-րդ դարի սկզբներով թվագրվող եկեղեցի, որի անունը հայտնի չէ, և գրականության մեջ սովորաբար կոչվում է «Բլրի եկեղեցի»: Նա ներքուստ խաչաձև, անկյուններում ավանդատներով գմբեթավոր շինություն է, պատերը` բազմագույն քարերով: Եկեղեցուն հարավից պատակից են երկու թաղածածկ մատուռներ: Շուրջը խաչքարեր և գերեզմանաքարեր կան:
Երրորդ հուշարձանախումբը գտնվում է գլխավոր համալիրից շուրջ 200 մ արևելք, որտեղ կիսականգուն է 1213 թ. կառուցված Ս.Կարապետ մատուռը, իսկ շուրջը կան խաչքարեր ու տապանաքարեր:
Վանքի պահպանված եկեղեցիներից Ս.Աստվածածինն ու Ս. Հարությունը առաջին անգամ հիշատակվում են 1423 թ. մի հիշատակարանում: 1458 թ. մեկ այլ հիշատակարանում նշվում են միայն Կաթողիկեն և Ս. Սստվածածինը, 1543 թ. հիշատակարանում` Ամենափրկիչն ու Ս. Աստվածածինը: Այստեղից հետևում է, որ Ս. Աստվածածինը վանքի` հնությամբ ու նշանակությամբ երկրորդ եկեղեցին էր: Այս տվյալները մեծապես համապատասխանում են «Բլրի եկեղեցուն»:
Բլրի եկեղեցին կառուցված է 13-րդ դ. սկզբներին և, դատելով արձանագրություններից, ոչ թե մեկ հովանավորի, այլ բազմաթիվ նվիրատու-աջակիցների համատեղ ջանքերով: Այս եկեղեցու հարավային կողմում գտնվում է մի մատուռ, որի բարավորի վրա եղած շինարարական արձանագրությունը թերի է պահպանվել. բացակայում է կառուցողի անունը: «Բլրի եկեղեցու» և այս մատուռի արանքում կա ևս մի փոքրիկ մատուռ:
Ս. Հարություն եկեղեցու շուրջը եղել են այլ մատուռներ և բազմաթիվ խաչքարեր: Հավուց թառի վանքի չպահպանված շինություններից է զանգակատունը, որը գուցե առանձին կանգնած շինություն է եղել:
Հավուց թառի վանական համալիրը միջնադարում հայտնի է եղել նաև որպես նշանավոր գրչօջախ, որտեղ գրչագրվել են բազմաթիվ մատյաններ:
Հիմնական գրականության
Մաթևոսյան Կ., Հավուց թառ, Եր., 2012:
Հովսեփյան Գ. , Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 2,
Եր., 1987: