ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Տավուշի մարզ ք. Դիլիջան պետ. ցուցիչ /10.3.134/

Դիլիջանի պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների պատմական զարգացման, նրանց վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների, պատմաաշխարհագրական պայմանների մասին ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը, որը հիմնադրել է ուսուցիչ Եղիշե Հովսեփյանը 1950թ.: Սկզբնական շրջանում նա իր տրամադրության տակ եղած բոլոր իրերը հավաքել է քաղաքի գրադարանում: Թանգարանի նախկին շենքը կառուցվել է 1926թ. և ծառայել է որպես հյուրանոց, այնուհետև օգտագործվել է որպես հիվանդանոց, իսկ հետագայում՝ դարձյալ հյուրանոց: 1967թ. վերանորոգումից հետո հանձնվել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահին: 2005թ. հին շենքը քանդվել է և հինգ տարվա ընթացքում կառուցվել թանգարանի նոր շենքը՝ քաղաքային իշխանության ֆինանսավորմամբ: 2010 թ. տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական բացումը, իսկ 2011թ. ապրիլի 1-ից այն բաց է եղել նաև այցելուների համար:

Հայաստանում առաջին հնագիտական պեղումները կատարվել են Դիլիջանում՝ «Ռեդկին ճամբար» կոչվող վայրում, 1850-ական թվականներին: Այդ վայրն իր անվանումը ստացել է ճանապարհաշինարար ինժեներ Ռեդկինի անունից, որն իր ճամբարը տեղադրել է Դիլիջանի մոտ՝ Աղստև գետի աջ ափին: Այդ ժամանակ ճանապարհը անցնում էր Դիլիջանով և նրա շրջակայքում կատարված հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերի հիմնական մասը տեղափոխվում էր Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի և Երևանի թանգարաններ: Բայց «ցանված» դիլիջանյան ծաղկամայր հողն այնքան առատ էր հնագիտական իրերով, որ այն կարողացել է 3000 և ավելի տարիների հնություն ունեցող նյութերով ապահովել նաև սեփական քաղաքի թանգարանը՝ այն դարձնելով հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի գանձարան: Դիլիջանի երկրագիտական թանգարանին առանձնահատուկ նշանակություն են տալիս նաև այստեղ պահպանվող հազվագյուտ նկարները: Թանգարանում են պահվում Հովհ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Էդ. Շահինի, Լ. Լագորիոյի, Գրյոզի բնօրինակները: Այստեղ հավաքված են նաև XVI-XVIII դարերի նիդեռլանդական, իտալական և ֆրանսիական նկարիչների որոշ գործեր: Թանգարանում են գտնվում Վանիկ Շարաբեյանի՝ Թախտա թաղամասում հայտնաբերած երկու խաչքարերը (խաչքար 13դ./10.3.134.1/ և խաչքար Լույսի և Կիրակոսի XIII – XIV /10.3.134.2/):

Դիլիջանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալբերտ Մատինյանը և հանրապետության վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն դառնա հնագիտական իրերի ու արվեստի գործերի իսկական գանձարան:

Թանգարանը վայելում է մեծ ժողովրդականություն: Այստեղ այցելում են տարբեր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդիկ: Դպրոցականների համար կազմակերպվում են թեմատիկ դաս-էքսկուրսիաներ, կազմակերպվում միջոցառումներ և ցուցահանդեսներ: